«Ընդդիմադիր դաշտն անսահմանափակ է, ցանկացած ծավալի, տարողության կարող է իր մեջ ներառել»,- հունիսի 10-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով նոր ձեւավորվող ընդդիմադիր քաղաքական ուժերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Բայց նրա համար մտահոգիչ է, որ այդ ուժերը մտնում են դաշտ հրելով. իշխանությանը չեն քննադատում այնքան, ինչքան ընդդիմությանը. «Ցանկացած պարագայում, ես կարծում եմ, եթե իսկապես ազնիվ մղում կա իրավիճակը փոփոխելու, ուղղակի Հայաստանում բոլորին է հայտնի, որ մենակ ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի առաջնորդ ոչինչ չի կարող անել, միայն միասնական ջանքերով է հնարավոր ինչ-որ բան փոխել: Բայց եթե դու միասնությունը ի սկզբանե դնում ջարդում ես, դա արդեն հարցեր է առաջացնում»:
Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ ուժերը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, այստեղ նա կարեւորում է սահմանադրական փոփոխությունների հարցը. «Իշխանությունը իսկապես կգնա՞ նրան, որ փոփոխություններ անելով, Սերժ Սարգսյանին Ազգային ժողովի նախագահ դարձնելով, երկարատեւ իշխանություն կտա, թե՞ կունենանք այլ իրավիճակ, որը նշեց պարոն Իսագուլյանը, եւ որը տարբերակներից մեկն է: Մենք հստակ տեսնում ենք, որ Հայաստանը հստակ գնում է դեպի վաղ ֆեոդալիզմ, քայլերը միանշանակ դրան են ուղղված, իսկ դա անարդյունավետ կառավարման համակարգ է: Ուստի այդ բդեշխությունների կամ մելիքությունների ստեղծումը, որն անում են Հայաստանում, բերելու է նրան, ինչին մենք հանգեցինք, այսինքն՝ 300 000 կմ2-ից ունեցանք 30 000 կմ2, 30 000-ն էլ նորից մանրացրել ենք մանր մելիքությունների: Թե դա ինչի կհանգեցնի, թողնում եմ ձեր կանխատեսմանը, կարծում եմ՝ շատ ակնհայտ է, թե ինչի՝ պետության վերացում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ