ՏԿԱԻՆ-ի կողմից Երեւանում գրանցված 4341 բնակելի շենքերի վերելակներից 1250-ը ստացել է փորձագիտական վերջնական եզրակացություն, 500-ը՝ դեռ ընթացքի մեջ են, 49 վերելակ էլ ստացել է փորձաքննության բացասական եզրակացություն: Այսօր «Մեդիա կենտրոնում» այս տվյալները ներկայացրեց ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Լուսինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա, սեփական տներում վերելակներն արտադրական վտանգավոր օբյեկտ չեն համարվում՝ համաձայն ՀՀ համապատասխան օրենքի ու ամենամյա ստուգումների ենթակա չեն. «Սեփական տներով վերելակներն այնքան էլ շատ չեն: Ինչ վերաբերում է դժբախտ դեպքերին, վերջին երեք տարիներին երեք դժբախտ դեպք է տեղի ունեցել, երեքի դեպքում էլ քաղաքացիները մահացել են, երկու դեպքը մասնավոր տների վերելակներում են եղել, մեկը հանրային շահագործման վերելակ էր»:
Անդրադառնալով վերջին դեպքին, երբ սեփական տան վերելակում մահացավ հինգ տարեկան երեխա, փորձագետն ասաց. «Երեխան խցիկ է մտնում մենակ ու լռվում, մնում է խցիկում, եւ առաջանում են հարցեր, որոնց պատասխանը պետք է տան ծնողները»:
Նրա խոսքով, Հայաստանն ունի վերելակների պահեստամասերի ներկրման խնդիրներ, որովհետեւ այդ ծառայությունը թանկ է. «Շատ վերելաշինական գործարաններ չեն գործում, իսկ գործող գործարանների համար ներկրումը խնդիր է: Որոշ էլեկտրամեխանիկներ էլ բավականին տարեց են ու մասնագետների պակաս ունենք, որովհետեւ աշխատավարձերն այնքան ցածր են, որ երիտասարդներին այս ոլորտը չի գրավում»:
Կարդացեք նաև
Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ շարունակեց. «Գործ ունենք մաշված տնտեսության հետ, որ տարեցտարի ավելի շատ խնդիրներ է ավելացնում, քան այդ խնդիրները լուծում ենք: Պետք է կարողանանք օբյեկտիվ պատճառները տարբերել սուբյեկտիվ պատճառներից, բայց քաղաքային իշխանությունները երբեմն չեն էլ փորձել անել առավելագույնը: Բավարար չեմ համարում վերելակների արդիականացմանն ուղղված աշխատանքները»:
Պարոն Սաֆարյանը ներկայացրեց 2014-2017 քառամյա ծրագիրը, որտեղ հատուկ աշխատանքներ են նախատեսված նաեւ վերելակաշինության համար. «2014 թվականի բյուջեի ցուցանիշներն եմ կարդում, վերելակների հիմնանորոգման ծախսը մայրաքաղաքում 94 միլիոն 5000 դրամ է՝ նախատեսված 94 միլիոն 64009 դրամի փոխարեն: Թվով ութ վարչական շրջաններում նորոգվել է 466 վերելակ, բայց վերահսկողությունն այս դաշտում դեռ մնում է անբավարար: Բազմաբնակարան շենքերի գործող 4551 վերելակ կա, որից 2739-ը սպասարկում է մասնագիտացված կազմակերպությունների կողմից, մնացածը՝ լիցենզիա ունեցող մասնագետների կողմից»:
Երեւանում գրանցված վերելակների ցուցանիշը, ՏԿԱԻՆ ներկայացուցչի մոտ եղած տվյալներով, տարբեր էին: «Գրանցվածները ոչ թե 4551, այլ 4341»,- Ստյոպա Սաֆարյանին ուղղեց փորձագետը: Նրա խոսքով, բազմաբնակարան շենքերի վերելակները տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննության են անցնում, 9-ը հարկանի շենքի վերելակի ստուգման համար համատիրությունը 2930 դրամ է վճարում, բայց էլիտար շենքերի համար գումարն այլ է. «Խնայողություններ անել այս չնչին գումարի դեպքում, ուղղակի անհեթեթ է, բայց կան համատիրություններ, որոնք պարտաճանաչ են իրականացնում այդ ստուգումը, կան համատիրություններ էլ, որոնք գալիս են օրինական դաշտ ստիպողաբար: Երբեմն ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից՝ եկեք, հասեք, մեր լիֆտը պոկվեց, բայց էլիտար շենքերի ֆոնին չենք էլ ուզում տեսնել այս հին վերելակները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ