Հունիսի 9-ին ժամը 13-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհին: Ադրբեջանի հետ սահմանը շրջանցող այդ ճանապարհին Բաղանիսի բնակչին պատկանող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, բեռնատարի մեջ գտնվող 3 տղամարդիկ թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ականատեսների վկայությամբ՝ վթարի պատճառը եղել է փլուզման պատճառով անբարեկարգ դարձած ավտոճանապարհը: Այս տարվա ապրիլի կեսին փլուզում է տեղի ունեցել շրջանցիկ այդ ճանապարհի սկզբնամասում, ճանապարհի 2-րդ ոլորանում: Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ« ՍՊԸ աշխատակիցները փլված հողի եւ քարի զանգվածը հեռացրել են ճանապարհից, սակայն փլվածքի օջախը մնում է, հարկ է այնտեղ մեծածավալ աշխատանքներ կատարել:
Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհը կառուցվել է 2006թ-2007թթ., պետական բյուջեի 767 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը ադրբեջանական հենակետերից գնդակոծվելու ժամանակ շրջանցիկ ճանապարհը դառնում է Իջեւանը Նոյեմբերյանին կապող «կյանքի ճանապարհ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ