Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն այսօր փաստարկներով հիմնավորեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով թանկացումը անհիմն է:
Հիշեցնենք, որ թանկացումը նախատեսված է օգոստոսի 1-ից:
Փորձագետը ուսումնասիրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում տեղադրված ՀԷՑ-ի թանկացման հայտը՝ 2013 թվականի, անցած ու այս տարվա:
«Գործող 41 դրամը, նույնիսկ 2013-ի 37 դրամ սակագինը՝ եղել է գերուռճացված: Ռոբերտ Նազարյանն ասում էր ցեմենտի ծախս եք ասել, հանել եմ, աշխատավարձ եք ասել, չեմ թողել բարձրացնեն… Հիմա նյութածախսն ենք նայում երեք միլիարդ դրամի կարգի՝ եղել է 2013-ին, 2014-ին՝ 2 միլիարդ 857 միլիոն, այս տարի ՝ 2 միլիարդ 613 միլիոն դրամ: Նորոգման ծախսերը՝ 2013-ին, մեկ միլիարդ 13 միլիոն դրամ, անցած տարի մի փոքր բարձրացել է, եւ այս տարի մեկ միլիարդ 593 միլիոն դրամ երեկ է ներկայացվել: Այս տարվա ցուցանիշը շատ ավելի բարձր պետք է լիներ, եթե 2013-ի թվերը օբյեկտիվ էին, որովհետեւ կա ինֆլյացիա եւ այլ հանգամանքներ, որոնք պետք է ազդեին ծախսերի վրա»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի աշխատավարձերին. 2013-ին վճարվել է 18 միլիարդ դրամ, անցած ու այս տարվա աշխատավարձերը չեն փոփոխվել:
Փորձագետը ուսումնասիրության ժամանակ զարմացել էր ՀԷՑ-ի նորոգման ծախսերից, այդ ծախսերի մեջ նա առանձնացրել է հատկապես Հաշվիչների նորոգումը եւ հաշվիչների ստուգաչափումը. «163 միլիոն դրամ 2013-ին, ստուգաչափերի համար՝ 153 միլիոն դրամ: Ընդ որում, ՀԷՑ-ը անցած տարվա համար առաջարկել է 96 միլիոն դրամ, հանձնաժողովն ասում է՝ չէ, բերեք 163 միլիոն դրամ ու 150 մլն դրամ ներառեք»:
Ըստ Արտակ Մանուկյանի, Մարքեթինգի ու գովազդի համար 2014թ.ին ՀԷՑ-ն առաջարկել է 59 միլիոն դրամ, իսկ Հանձնաժողովը բարձրացրել է մինչև 75 միլիոն դրամի, մինչդեռ այս տարվա համար առաջարկը եղել է 56 միլիոն դրամ, իսկ հանձնաժողովը նվազեցրել է մինչև 33 միլիոն դրամի:
Ըստ փորձագետի, անտրամաբանական թվեր են ներկայացված ու հանձնաժողովի կողմից հաստատված նաեւ ՀԷՑ-ի խորհրդատվական ծախսերի դեպքում: Փոստի ու հեռահաղորդակցության ծախսերն էլ նախորդ երկու տարիներին են բավականին բարձր եղել, այս տարի էականորեն ցածր թիվ է հաստատվել, փորձագետը զարմանում է, եթե ավելի ցածր ծախսեր էին անհրաժեշտ, ինչու ենք նախորդ տարիներին այդքան մեծ թվեր հաստատել. «Ծառայությունների գները գնալով ավելի պետք է բարձրանային, այդ ինչպես այս տարի հակառակը տեղի ունեցավ, թե հենց որ սկսեցինք պարտադրել ուսումնասիրություն անել, նոր նկատեցին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ