Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսական աճի ռիսկերը վերջին շրջանում դարձյալ վերսկսել են ակտիվանալ. «Հայոց աշխարհ»

Հունիս 10,2015 11:45

Մի պահ թվում էր, թե արտաքին հատվածից թելադրված մարտահրավերների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա աստիճանաբար մեղմանում է։ Սակայն դա կարճ տեւեց. Հայաստանի տնտեսական աճի ռիսկերը վերջին շրջանում դարձյալ վերսկսել են ակտիվանալ։ Ընդ որում՝ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում։

Արտաքին հատվածում անհանգստությունները պայմանավորված են առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության եւ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսեւորումներով։

Փոքր-ինչ բարելավելուց հետո արտահանման հետ կապված վիճակը կրկին վատանում է ռուսական շուկայում։ Մինչդեռ այս երկրի արժութային դաշտում մի պահ հաստատված կայունությունը որոշակի հույս էր առաջացրել հայաստանյան արտադրողների շրջանում։ Նրանք մտադրություն ունեին վերսկսել մատակարարումները ռուսական շուկա։ Այժմ պետք է ենթադրել, որ արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներից հետո մտադրությունները կփոխվեն։

Շուրջ երկու ամիս արժեւորվելուց եւ տեւական ժամանակ կայունանալուց հետո վերջին մեկ շաբաթվա ընթացքում բավականաչափ արժեզրկվեց ռուսական ռուբլին։ Եթե մինչ այդ դոլարի գինը տատանվում էր 49-50 ռուբլու սահմաններում, ապա այժմ հայտնվել է 56 նիշից բարձր։

Ռուբլու թուլացումը կապվում է ինչպես նավթի գների նվազման, այնպես էլ Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ձեւավորված բացասական սպասումների հետ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար։
Ճիշտ է, ռուբլու թուլացումը դեռ հեռու է տարեսկզբի մակարդակին հասնելուց, այնուհանդերձ կարճ ժամանակահատվածում այդպիսի կտրուկ դրսեւորումները ավելացնում են արտահանման ռիսկայնությունը։ Առավել եւս, որ ռուսական շուկայի վիճակը մինչ այդ էլ հեռու էր բարվոք լինելուց։

Ռուբլու թուլացումը Հայաստանի տնտեսության վրա ազդում է ինչպես արտահանման խնդիրների ստեղծման, այնպես էլ այս երկրից Հայաստան ուղարկվող ֆինանսական հոսքերի անկման տեսքով։ Պետք է ենթադրել, որ ռուսական տրանսֆերտների նկատմամբ ճնշումը առաջիկայում կմեծանա։

Արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության մեջ փոխանցվող ռիսկերը վերջին շրջանում ակտիվացել են նաեւ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսեւորումների հետեւանքով։ Մասնավորապես վերսկսել է էժանանալ պղինձը։ Մայիսի կեսերին պղնձի տոննայի գինը հասավ 6,5 հազար դոլարի։ Սակայն դրան հաջորդող շրջանում այն կրկին մտավ էժանացման փուլ։ Այժմ արդեն միջազգային շուկայում պղնձի գինը տատանվում է 5,9 հազար դոլարի սահմաններում։ Այլ կերպ ասած, ընդամենը 20-25 օրվա ընթացքում այն շուրջ 600 դոլարով նվազել է։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930