ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան Twitter-յան էջից տեղեկանում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի և պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պողոսյանը որոշ տեղեկություններ հայտնեց հանդիպման մասին: Մասնավորապես փոխանցեց, որ քննարկվել են ընդհանուր մոտեցումներ տարբեր ծրագրերի մասին` բանակցային գործընթացի հետ կապված, ներկայացվել են հայկական կողմի տեսակետներ: Ըստ Թևան Պողոսյանի` «հաջողվել է մեր տեսակետները տեղ հասցնել»:
Հետաքրքրվեցինք` ինչպիսի՞ն էր համանախագահի արձագանքը, նա է՞լ էր ԵԱՀԿ նախագահի նման չեզոք դիրք գրավել, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Փորձում էին այնպես անել, որ և՛ մենք, և՛ ինքը հարցեր տա: Իր կողմից դիվանագիտական մոտեցումներ էին ցուցաբերվում: Ինքն էլ էր գիտակցում, որ այն կողմն ունի մեծ խնդիրներ, և իրենք փորձում են նաև բաց հայտարարությունների խնդիրներ առաջ քաշել նույն ԵԱՀԿ գրասենյակի փակման վերաբերյալ: Մասնավորապես այն կտրվածքով, որ եթե ժողովրդավարություն չլինի Ադրբեջանում, հակամարտության լուծումը ընդհանրապես դժվար է լինելու»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայատյացության, մարդու իրավունքների խախտումների հետ կապված հարցեր: Օրինակ` բարձրացվել է այն հարցը, որ եթե պետք է համագործակցեն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, որոնք հետո Ադրբեջան վերադառնալով խնդիրներ են ունենալու ու ձգտելու են չվերադառնալ Ադրբեջան, ապա դրա արդյունավետությունը ո՞րն է: Ջեյմս Ուորլիքի հետ հանդիպման ընթացքում ընդհանրապես չի քննարկվել Ադրբեջանի` ԵԱՀԿ համանախագահների կազմն ընդլայնելու մասին առաջարկը, քանի որ դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չեն տեսնում, այլ ընդհակառակը` այդ դեպքում բանակցային գործընթացն ավելի կխճճվի:
Կարդացեք նաև
Մեր հարցին` Ջեյմս Ուորլիքն ինչպե՞ս է գնահատում հակամարտության կարգավորման ներկայիս փուլը, քանի որ կարծիքներ են հնչում, որ այն փակուղի է մտել, պարոն Պողոսյանը հայտնեց. «Եթե չկան ընկալումներ, բնական է, ամեն ինչ կգնա դեպի փակուղի, բայց միշտ պետք է փորձենք ուղիներ գտնել: Ցանկացած կոնֆլիկտ լուծելու համար պիտի կարողանանք ստեղծագործ մոտեցում ցուցաբերել»:
Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպման հարցերով:
Ըստ Թևան Պողոսյանի` կհաջողվի կազմակերպել այդ հանդիպումը, լավ, չի հաջողվի, ոչինչ, քանի որ հայկական կողմի` բանակցությունների ներկայիս փուլի հիմնական խնդիրն է ԼՂՀ-ին բերել բանակցությունների սեղանի շուրջ, եթե մենք ուզում ենք ունենալ առաջընթաց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ