Էլէներգիայի սակագնի բարձրացման «ամենահզոր հիմնավորումներից» մեկն այն է, որ «սակավաջուր տարի է եղել» եւ «ատոմակայանը նախատեսվածից ավելի երկար ժամկետով է կանգնել, եւ այդ պատճառով՝ էներգահամակարգը գնել է ՋԷԿ-երում արտադրված ավելի թանկ էլէներգիան»։ Բայց ախր այդ սակավաջուր տարին ոչ թե 2014 թվականն էր, այլ 2013-ը։ Ատոմակայանն էլ նախատեսվածից ավելի երկար կանգնել է ոչ թե 2014-ին, այլ 2013-ին։ Իսկ 2014 թվականին ճիշտ այս «հիմնավորումներով» էլէներգիայի սակագինը արդեն իսկ բարձրացվել է 10 տոկոսով։ Ի՞նչ է, հաջորդ տարի եւս բերվելու են այս հիմնավորումները ու էլէներգիան կրկին թանկացնե՞ն։ Ու այդպես առաջիկա 400 տարի՞ն։
Հանձնաժողովը սակագնի վերաբերյալ իր որոշման նախագծում թույլ չի տվել սակագնի մեջ ներառել այն բոլոր աղմկահարույց ծախսերը, որոնք հայտնաբերել էին լրագրողներն ու անկախ տնտեսագետները ՀԷՑ-ի հայտը ուսումնասիրելիս։ Խոսքը տխրահռչակ լեքսուսների, պրադոների ու առանձնատների վրա կատարվող ծախսերի մասին է։
Սակայն հանձնաժողովը ոչ մի կերպ չի անդրադարձել կարեւորագույն՝ տվյալ դեպքում սակագնի վրա ազդող առանցքային հարցին՝ ՀԷՑ-ի գործունեության արդյունավետությանը։ Հանձնաժողովը թույլատրել է կորուստների շատ բարձր մակարդակ 11.2 տոկոս, որի համար վճարելու են սպառողները։ Պատկերացնելու համար, թե որքան է դա, նշենք, որ տարեկան ճիշտ այդքան էլէներգիա արտադրում է մեր հզորագույն կայաններից մեկը՝ Որոտանի կասկադը։ Այսինքն՝ մի հսկա կայանի արտադրած էլէներգիան, հասկանում ես, «անհետ կորում է», եւ դրա գումարային արժեքը մոտ 70 միլիոն դոլար է։ Կորում է, էլի։ Անհետ։
Հանձնաժողովի «հեչ վեջն էլ» չէ, որ ՀԷՑ-ում աշխատում ու էլէներգիայի դիմաց մեր վճարած գումարներից աշխատավարձ է ստանում 7 հազար 800 մարդ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 2-2.5 հազար աշխատողը լրիվ բավարար է այդ նույն աշխատանքը կատարելու համար։ ՀԷՑ-ի աշխատանքի անարդյունավետությունը ապացուցող բազմաթիվ օրինակներ կան, որոնք հանձնաժողովի համար որեւէ կարեւորություն չեն ներկայացնում։
Ու տպավորությունն այնպիսին է, որ լեքսուսների վարձակալության փաստերը ՀԷՑ-ը դիտավորյալ էր առաջ հրել՝ ավելի լուրջ թեմաները քողարկելու նկատառումներով։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում