Այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական պատվիրակության ղեկավար կազմը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, մեկնում է Բաքու՝ մասնակցելու Եվրոպական ամառային առաջին խաղերին:
Մեր պատվիրակությունը մինչեւ խաղերի մեկնարկը աշխատանքային հանդիպումներ կունենա ինչպես միջազգային մարզական կառույցների, այնպես էլ կազմակերպական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ենթադրվում է, որ նրանք տեղում կծանոթանան մարզիկների համար ստեղծված պայմաններին, մեկ անգամ եւս կքննարկեն հայաստանցիների անվտանգության ապահովման խնդիրները:
Ըստ ժամանակացույցի, առաջինը Բաքու մեկնելու են հունահռոմեականները՝ մարզիչներ Սամվել Գեւորգյանը, Էդուարդ Սահակյանը, Արթուր Պետրոսյանը, ըմբիշներ Ռոման Ամոյանը՝ 59 կգ քաշային կարգ, Կարապետ Չալյանը՝ 75, Մաքսիմ Մանուկյանը` 85 եւ Միհրան Հարությունյանը` 66: Ռոման Ամոյանը պայքարի մեջ ներգրավվելու է հունիսի 13-ին, մյուս երեքը՝ հաջորդ օրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ