ԱԺ-ում քննարկվում է 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ ինչպե՞ս եք քվեարկելու այդ հաշվետվությանը:
Նա պատասխանեց, որ քվեարկության հետ կապված դեռեւս վերջնական որոշում չունեն. «Կողմ միանշանակ բացառվում է: Հասկանալի է, որ մենք չենք կարող կողմ քվեարկել բյուջեի կատարողականին: Ինչ վերաբերում է դեմ, թե ձեռնպահ, այս պահին խմբակցությունում գնում է քննարկում: Կա տեսակետ, որ սա ընդամենը կատարողական է, այսինքն՝ դեմ քվեարկել, որ կատարվել են ծախսեր, տվել են թոշակներ, նպաստներ, բանակին հատկացվել է գումար, դրան քվեարկել դեմ որոշակի առումով կարող է հասկանալի չլինել: Կա տեսակետ, որ պետք է քվեարկել ձեռնպահ: Քանի որ մեր կուսակցությունում շատ ակտիվ եւ բուռն են քննարկումները, թե որ տեսակետի կողմնակիցները կլինեն մեծամասնությունը, խմբակցությունն այդ մեծամասնության ձայնի իրավունքով էլ կքվեարկի: Մենք քննարկում ենք միայն դեմ եւ ձեռնպահ տարբերակները»:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ իրենք բյուջեի հաստատմանն էլ են դեմ քվեարկել: Մեր հարցին՝ բյուջեի կատարման հաշվետվությունը այն է, թե ինչպես են աշխատել 2014-ին, այդպես չի՞ դիտարկվում ԲՀԿ-ում, եթե ասում են, որ սա ընդամենը կատարողականն է՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ըստ էության, այո, բայց սա մի քիչ այլ համատեքստով պետք է դիտարկել: Սա ծախսերն են, ինչ ծախսեր են արվել: Ծախսերի մեջ արվել են նաեւ անհրաժեշտ ծախսեր՝ սոցիալական նպաստներ, աշխատավարձ, բանակ: Խնդիրն այս համատեքստում են դիտարկում պատգամավորները մեր խմբակցությունում»:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինչ որոշում էլ կայացնեն, այն կհիմնավորեն ԱԺ-ի իրենց ելույթում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ