Ռուսաստանը Ուկրաինայում վարում է հիբրիդային պատերազմ,
իսկ Հայաստանում՝ հիբրիդային գաղութացման քաղաքականություն
Մանրամասների ու հիմնավորումների մեջ չեմ մտնում: Ոմանք հերքելով այս պնդումը՝ հիմնավորում են, թե Ռուսաստանը պատերազմ չի հայտարարել Ուկրաինային եւ ոչ էլ զորք է հրապարակայնորեն մտցրել, իսկ Հայաստանում էլ «Սերժ Սարգսյան եւ co» խմբավորումն «ընտրվել» է եւ ոչ թե նշանակվել Կրեմլի կողմից:
Էսպիսի պնդումների հեղինակները մնացել են 19-20-րդ դարերում, «հոմոսովետիկուսի» գիտելիքներով ու մտածելակերպով ու ադեկվատ չեն այսօրվա գործընթացները գնահատել կարողանալու համար, իսկ մի մասն էլ ելնում է բացառապես անձնական, թվացյալ նյութական կամ կերակրատաշտային իշխանական շահերից, բայց միեւնույն է՝ մեծ հաշվով բոլորն էլ կամա թե ակամա մասնակցում են գաղութացմանը, որի արդյունքն այս անգամ պետք է լինի «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԵՐԻ» կայսերական մի քանի դարյա ծրագրի վերջապես իրագործումը մեր՝ հայերիս ձեռքով:
Մի հարցրեք՝ ինչո՞ւ, որովհետեւ այդ հարցի պատասխանը արդեն տվել է Պուտինը իր «կայսրության վերականգնում», «հողահավաք» ցնորական ծրագրի հայտարարմամբ եւ Հայաստանում շուրջ 20 տարի հետեւողականորեն գաղութային ռեժիմի ներդրմամբ ու մնացած այն բոլոր քայլերով, որոնք Հայաստանը շարքային հայի համար դարձրել են ամենաԱՆԱՊԱՀՈՎ ու ամենաԱՆՀԱՐՄԱՐ երկիրը բոլոր առումներով: Գեներալ-գուբերնատորին այժմ եկել են փոխարինելու գուբերնատորներն ըստ ճյուղերի:
Բիբինը էներգետիկայի գուբերնատորն է, մյուսը՝ գազինը, էն մեկը՝ երկաթուղունը եւ այսպես շարունակ: Որ բնագավառն էլ չունի անմիջական գուբերնատոր, ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կամ այլ խողովակներով, պայմանագրային օրենքներով է ենթարկված արդեն կամ էլ այդ ընթացքի մեջ է:
Կարդացեք նաև
Փաստենք: Պետության բնականոն գոյության համար ԿԵՆՍԱԿԱՆ անհրաժեշտ ենթակառույցներն ու գերատեսչություններն ամբողջությամբ ենթակա են Կրեմլին ու ապահովում են չկայացած ու անհայտ հեռանկարով կայսրության դեռեւս չամբողջացած շահերը՝ հիմնականում (պնդում եմ, որ ամբողջապես) ի հակադրություն Հայաստանի կենսական շահերի: ԵՏՄ-ի մեջ Հայաստանի մտնելն էլ նույնիսկ իշխանավորները ցածրաձայն հիմնավորում են նրանով, որ հակառակ դեպքում Պուտինն Ադրբեջանի, Թուրքիայի ու իր ռազմական բազայի միջոցով Հայաստանում կստեղծեր այնպիսի դժոխք, որ ուկրաինական Դոնբասն ու Լուգանսկը դրախտ կթվային մեզ: Ու այս խաբուսիկ, պաթոլոգիկ վախի արգասիք հիմնավորմամբ իշխանություններն արդարացնում են իրենց վասալային պահվածքը՝ իհարկե, չնշելով, թե այդ վասալությունն իրենց նյութական ինչպիսի անօրինական հարստություն ունենալու հնարավորություն է ընձեռում:
Մոսկվայի կայսերական շահերի շրջանակում (որը նորից եմ նշում՝ ամբողջությամբ հակադրված է մեր ազգային-պետական շահերին) ՀՀ նախագահը, հետեւաբար ամբողջ իշխանական բուրգը՝ վերից վար, ծառայում են կայսրությանը՝ ի դեմս պուտինյան վարչակարգի:
Այդ շահերն է սպասարկում ոստիկանապետն իր ոստիկանությամբ, ցրելով, ծեծելով կամ ձերբակալելով ցուցարարներին ու այլախոհներին, դատախազությունը, դատական ամբողջ համակարգը՝ իրենց դատախազներով ու դատավորներով, դատելով ու բանտերը լցնելով ոստիկանության կողմից մատակարարված մարդկային «մատերիալը», արտգործնախարարությունը՝ միջազգային հարթակներում իր կեցվածքով ու քվեարկումներով, իսկ Ազգային անվտանգության նախարարության մասին չասենք, այն միշտ էլ՝ 1991-ի անկախության հռչակելուց առաջ էլ ու առ այսօր ծառայում է բացառապես Մոսկվային, որի ղեկավարներին կամ անմիջապես նշանակել է Մոսկվան, կամ միայն իր համաձայնությամբ:
Այդ շահերն են սպասարկում նաեւ մնացած նախարարություններն ու գերատեսչությունները՝ իրենց ամենօրյա որոշումներով ու գործողություններով՝ հայաստանաբնակի կյանքը դարձնելով ամենօրյա նյարդային գոյապայքար հանուն «զավակների ապագայի», իսկ հիմնականում՝ հանուն հանապազօրյա հացի:
Այդ գործին են լծված նաեւ գաղութի քաղաքական ֆասադային կյանքն ապահովող, ընթացող սողացող, հիբրիդային գաղութացմանը կողմ քվեարկած, առիթ-անառիթ Պուտինին ու Ռուսաստանին իրենց քծնախառն հավատարմությունը բարձրաձայնող քաղաքական կուսակցություններն ու «լիդերները», նաեւ նրանք, որոնք պայքարում են «մարդկային դեմքով» գաղութ կերտելու համար: Այս ընթացքի վերջը հերթական անգամ Հայաստան պետության վերացումն է, հայության համատարած գաղթականացումն ու վերջնական հեռացումը իր բնօրրանից՝ Հայկական բարձրավանդակից:
Լավատեսության կամ վատատեսության հարց չի:
Հայտնի բան է. գորտին գցում են եռման ջուրը, անմիջապես դուրս է թռչում, իսկ աստիճանաբար եռացող սառը ջրի մեջ գտնվող գորտը դանդաղ խաշվում ու նույնիսկ փորձ էլ չի անում թռչելու ջրից:
Բթանում է ինքնապահպանման բնազդը:
Մերը երկրորդ դեպքն է:
Որն է ելքը: Դատապարտվա՞ծ ենք արդյոք: Այդ մասին՝ հաջորդիվ:
Շարունակելի
ԱԼԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2015
Անհերքելի եւ անառարկելի ճշմարտություն է, ցավոք:
Հայաստան պետության կառուցումը պետք է վերցնել Էնսհաթով պոգաննիյ արմյաշկաներից եւ հանձնարարել հայերին: