Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ խնդրի լուծումը պարտադիր չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու սահմանի բացման հարցում

Հունիս 10,2015 16:30

Ստամբուլի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի խոսքով՝ սակայն չափազանց կարեւոր է, որ գոնե ինչ-որ շարժ լինի

– Պարոն Այդին, թուրքական հասարակությունում եւ Թուրքիայի կառավարությունում ի՞նչ տրամադրություններ կան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Հասարակության եւ իշխանության դիրքորոշումներն արդյոք խիստ տարբերվո՞ւմ են միմյանցից:

– Կարելի է ասել, հստակ սահմանված չեն. Թուրքիայի հասարակության մի մասը հաստատակամ է եւ ցանկություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, մի մասը կողմնակից է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, իսկ մյուս մասն էլ ընդհանրապես ցանկություն չունի հարաբերությունները բարելավել Հայաստանի հետ: Թուրքական կառավարությունը, կարծես, այս դիրքորոշումների արանքում է. ոչ ձգտում է հարաբերությունների կարգավորման, ոչ էլ միանշանակ մերժում է կարգավորման հնարավորությունը:
Նախկինում Թուրքիայի կառավարությունը փորձում էր զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց որոշակի փուլից Թուրքիայի որոշման վրա Ադրբեջանն ազդեցություն ունեցավ, որի արդյունքում Թուրքիայի նախագահն ու վարչապետը որոշեցին դադարեցնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Իմ կարծիքով՝ տվյալ պահին պետք է սպասել, թե Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ինչ իշխանություն կձեւավորվի, հնարավորություն տանք նոր կառավարությանն իր կողմնորոշումն արտահայտել: Մինչ այժմ Թուրքիայի նախագահը որեւէ նոր բան չէր ասում, նա կրկնում էր նախկինում ունեցած իր դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, այն է` հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը: Էրդողանը լավ քաղաքական գործիչ է եւ հաշվի է նստում հասարակական կարծիքի հետ եւ դրա հիման վրա է գործում: Եթե այսօր Էրդողանն ասում է մի բան, ուրեմն դրանից պետք է հետեւություն անել, որ թուրքական հասարակության մեծ մասը հենց այդ կարծիքն է կիսում: Բայց թուրքական հասարակության մեջ գործում են որոշ խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

– Թուրքիան մինչեւ հունիսի 7-ը նախընտրական փուլում էր: Հաճախ է հնչել այն տեսակետը, որ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումը հնարավոր է փոփոխվի հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ արդեն ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 100-ամյակն անցյալում կլինի, եւ հնարավոր կլինի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կարգավորման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկել: Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն թուրքական կողմից:

– Ապրիլի 24-ն իսկական ջրբաժան էր, որը մարդկանց հնարավորություն տվեց հայացք ուղղել անցյալին եւ մտորել ապագան զարգացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ Թուրքիայի նոր կառավարությունը կձեւավորվի մինչեւ օգոստոսի վերջը, սեպտեմբերին կունենանք նոր խորհրդարան: Դրանից հետո հնարավորություն կլինի բանակցություններին նոր շունչ հաղորդել:

Նշեմ, որ թուրքական քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնություններ կան, որոնք կարող են նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը` հորդորելու իշխանություններին քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եթե ոչ պետական մակարդակով, գոնե երկու երկրների հասարակությունների միջեւ: Հույս ունեմ, որ աշնանը հնարավորություն կլինի նոր հարաբերություններ զարգացնել:

– «Եղբայրական» անվանվող Ադրբեջանի հետ հարաբերությունները որքա՞ն խոչընդոտեցին Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, կարծես, գերի է դարձել Ադրբեջանին պաշտպանելու հարցում:

– Կարծում եմ, որ իրավիճակը շատ ավելի բարդ է: Բավական պրիմիտիվ է ձեւակերպված այն միտքը, որ Թուրքիան Ադրբեջանի գերին է դարձել, դա վկայում է իրողությունների նկատմամբ ցուցաբերած պարզունակ մոտեցման մասին: Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բնական է, որ եղբայրական են: Երկու պետություններն ունեն քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հարաբերություններ: Ադրբեջանը բավական ներդրումներ է իրականացնում Թուրքիայում՝ բիզնեսում, էներգետիկ ոլորտում, միջազգային հարցերում Թուրքիան եւ Ադրբեջանը սերտորեն համագործակցում են:
Խնդիրն այն չէ, թե Թուրքիան իր գործողություններով չի ցանկանում վիրավորել, նեղացնել Ադրբեջանին: Գործ ունենք հստակ շահերի բախման հետ, եւ երբ ժամանակը գալիս է, երբ պետք է որոշում կայացնել շահերին վերաբերող հարցերում, արդեն վերլուծում են, թե ինչ-որ բան տալու դիմաց արդյունքում ինչ են ստանալու կամ կորցնելու: Երբ սկսում ես վերլուծել այս հարցերը, գալիս ես այն եզրահանգման, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների շահն է գերակշռում, Թուրքիան ավելի շատ շահ ունի Ադրբեջանից, քան Հայաստանից, եւ որ Թուրքիայի համար ավելի կարեւոր է Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելը, քան Հայաստանի: Եթե Թուրքիան վիրավորի Ադրբեջանին` Հայաստանի հետ համագործակցելով, ապա դրա արդյունքում Թուրքիայի շահերը բավական կսահմանափակվեն: Այս հաշվարկն է թելադրում Թուրքիայի քաղաքականությունը, որով Թուրքիան շարունակում է Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները եւ կարեւորում այդ երկրի հետ համագործակցությունը:

– Հետեւաբար՝ առանց ղարաբաղյան կարգավորման Թուրքիան ոչ մի դեպքում չի բացի Հայաստանի հետ սահմանը…

– Թուրքիայի վարած քաղաքականությունը պայմանավորված է Հայաստան-Թուրքիա արձանագրություններով, եւ այդ արձանագրություններում է ներկայացված, թե Թուրքիան ինչպես պետք է իրեն դրսեւորի, ինչ քայլեր պետք է իրականացնի, ամեն ինչ կախված է այդ արձանագրություններից:

Իմ անձնական կարծիքով՝ ղարաբաղյան խնդրի լուծումը բնավ պարտադիր հարց չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ու հայ-թուրքական սահմանը բացելու հնարավորության համար: Բայց չափազանց կարեւոր է, որ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորում չլինի` գոնե ինչ-որ առաջընթաց արձանագրվի, ինչ-որ շարժ լինի, քայլ լինի այդ հարցում, թեկուզ փոքր բանակցային գործընթացներ լինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ոչ միայն հակամարտության վերջնական կարգավորումը, այլեւ փոքր քայլերը կարող են թույլ տալ, որպեսզի Թուրքիան հնարավորություն ունենա Ադրբեջանին ասելու` ահա, քանի որ այսպիսի փոքր առաջընթաց կա, մենք հիմա ցանկանում ենք համագործակցել Հայաստանի հետ: Դա կօգնի Թուրքիային հայ-թուրքական սահմանը բացելու հարցում: Բոլոր մնացած մանրամասները սահմանված են արձանագրություններում: Չեմ կարծում, որ Հայաստան-Թուրքիա արձանագրություններից դուրս սահմանի բացմանը խոչընդոտող այլ նախապայմաններ լինեն:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հայտնի չէ, թե Էրդողանի իշխանությունն ավելի կամրապնդվի՞, թե՞ կթուլանա: Եթե Էրդողանը ձեւավորի ուժեղ իշխանություն` նա կպահպանի իր կարծր դիրքորոշումը, հավատարիմ կմնա մինչեւ վերջ իր նախկինում տված խոստմանը հայ-թուրքական սահմանի հարցում: Սակայն եթե նրա իշխանությունը թուլանա, ապա հնարավոր է՝ որոշակի շարժ լինի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում:

– Երկար ժամանակ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը ձեր երկրում բացառված էր, կարծես տաբու էր դրված, հիմա իրավիճակ է փոխվել, ձեր երկրում քննարկումների պակաս չկա այդ թեմայով: Հնարավո՞ր է, որ Թուրքիայի իշխանությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի քայլերի դիմեն ներքին` հասարակական ճնշման արդյունքում, նման բան հնարավո՞ր է Թուրքիայում, նման պահանջարկ կարո՞ղ է ձեւավորվել:

– Որոշ ժամանակ առաջ այդ հարցի վերաբերյալ իսկապես տաբու է եղել, եւ մարդկանց մեծ մասը պարզապես չի խոսել, չի արտահայտվել այն հարցի առնչությամբ, թե ինչ է եղել 1915-ին, ու դրա մասին շատ բան չի էլ իմացել: Հիմա Թուրքիայում կան բավական թվով մարդիկ, որոնք ցեղասպանություն բառն են օգտագործում, բայց կան նաեւ մարդիկ, որոնք կտրականապես հրաժարվում են գործածել ցեղասպանություն բառը, այսինքն՝ այլեւս չկա այն ծայրահեղ բեւեռացված իրավիճակը, մարդիկ ավելի ազատ են արտահայտվում: Թուրքիայի հասարակության մեծ մասի մոտ կա այն ընկալումը, որ 1915 թվականին ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, բայց այդ մարդիկ խուսափում են հանգիստ ասել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, թեեւ ընդունում ու գիտակցում են, որ վատ բան տեղի է ունեցել երկու ազգերի միջեւ:

Ճիշտ է, ես երբեւէ հետազոտություններ չեմ իրականացրել, բայց իմ անձնական կարծիքով՝ թուրքական հասարակության մոտ 95 տոկոսը տեղի ունեցածը երբեք չի որակի որպես ցեղասպանություն եւ չի ասի, որ դա ցեղասպանություն էր, թեեւ ընդունում են, որ, այնուամենայնիվ, վատ բան է տեղի ունեցել: Միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներն էլ երբեմն ստիպում են, որ մարդիկ չխոսեն այդ հարցի մասին, եւ դրա` այդ աստիճան արծարծումն արդեն վերածվում է ազգային խնդրի, որը կապվում է ազգային արժանապատվության հետ, որի արդյունքում մարդիկ խուսափում են այդ թեմայի արծարծումից, տեղի ունեցածը ցեղասպանություն որակելը բարդ է դառնում: Սրա հետ միասին թուրքական հասարակության մեծ հատվածի մոտ հակվածություն կա Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Հարցազրույցը Մուստաֆա Այդինի հետ արվել էր մինչեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները:

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930