Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Յուրայիններին մեջտեղից հանեցին, բնակարաններն էլ իրենք մեջ-մեջ արեցին»

Հունիս 10,2015 16:00

Կառավարությունը հունիսի 4-ի նիստին մի որոշում ընդունեց, որն ինչպես կառավարությունն է հիմնավորում՝ ուղղված է այն քաղաքացիների շահերի պաշտպանությանը, որոնք նորակառույցներում բնակարաններ են ձեռք բերում: Եվ որպեսզի կառավարությունը, ինչպես որ վստահեցնում է, պաշտպանի քաղաքացիների շահերը կառուցապատողներից, ՀՀ մի շարք օրենսդրություններում փոփոխություններ կատարելու որոշում ընդունեց: Ըստ էության, այս նախաձեռնությունը դրական քայլ է, բայց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում հարց է բարձրացնում. «Այդ ինչո՞ւ կառավարությունը նոր «զարթնեց», երբ դեռ 2006 թվականից գերակա հանրային շահի զոհ դարձած քաղաքացիների շահերը ոտնահարվում էին, մարդիկ անտուն էին մնում, սրտի կաթվածներ ստանում: Այս նախագիծը ներկայացնող պաշտոնյաները դեռ 2006-ից ու ավելի շուտ՝ 2000-ից, այս խնդրի մասին քաջատեղյակ են, ու ինչո՞ւ ավելի վաղ չէին նախաձեռնում օրենսդրական փոփոխություններ»:

Բաղդասարյանը հիշեցնում է տարիներ առաջ Արամի փողոցի հայտնի դեպքը, երբ «Գապբնակշինի» տնօրեն Գագիկ Պապոյանն ու այլ անձինք նույն շենքում միեւնույն բնակարանը 5 հոգու վրա վաճառել էին: «Պապոյանին ու մյուսներին նստեցրին, Արամի փողոցի այդ շենքում բարձրաստիճան պաշտոնյաներն են բնակարաններ ձեռք բերել, նախագահի վերահսկողության ծառայության պետն այնտեղ ուներ 17 բնակարան: Հարց է ծագում՝ բա ինչո՞ւ այն ժամանակ բան չարեցին: Հեշտ է կառուցապատողին նստեցնել, պատժել: Բայց Արամի, Բուզանդի փողոցները պետական կարիքներ են եղել, այսինքն՝ հանրային շահի տակ են օտարվել, ու դրանք պետք է վերստուգվեին քաղաքապետարանի եւ կառավարության կողմից, ու տեսանք՝ ոնց վերստուգվեցին՝ 5 հոգու վրա վաճառեցին նույն բնակարանը: Այսինքն՝ իրենք յուրայիններին մեջտեղից հանեցին, բնակարաններն էլ մեջ-մեջ արեցին»,- ասում է Բաղդասարյանը:

Բացի կառուցապատող-գնորդ խնդիրների այս ցայտուն դեպքից՝ բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները կառուցապատողի հետ պայմանագիր են կնքում, իսկ շենքը սահմանված ժամկետում չեն հասցնում կառուցել-ավարտել, ու քաղաքացիները ստիպված են անհայտ ժամկետով սպասել իրենց նորակառույց բնակարանին:

Կառավարության օրենսդրական նախաձեռնության մեջ ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ նշվում է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում դեռեւս չկառուցված եւ չառանձնացված բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները շրջանառության օբյեկտ են դառնում առանց համապատասխան ապահովվածություն ունենալու: Մասնավորապես, այդ օբյեկտների նկատմամբ կնքվում են նախնական պայմանագրեր, որոնցով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման պատրաստ չեն լինում, որի հետեւանքով խախտվում են քաղաքացիների շահերը: Իսկ կառուցապատողներն էլ նախապես ստանալով կանխավճարները՝ չեն շտապում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները: Այս եւ այլ խնդիրները ներկայացնելով՝ կառավարությունն առաջարկում է լուծումներ. «Ներկայացված նախագծերի փաթեթով ներդրվել է նոր իրավունքի հասկացություն՝ «կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք»: Նախագծի ընդունման դեպքում կգործի 2 կարգավորում. պահպանվում է կառուցապատման իրավունքի փոխանցման մեխանիզմը, եւ ներդրվում է կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքը: Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի հիման վրա առաջացած կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքը հնարավորություն է տալիս ձեռք բերել ապագայում կառուցվող անշարժ գույքը սեփականության իրավունքով: Միաժամանակ չարաշահումներից խուսափելու համար նախագծով ներդրվում է գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու իրավունքը, որով ապահովվում է գործարքներից բխող իրավունքի պետական գրանցման պահանջը»: Կառավարությունը վստահեցնում է, որ այս նախագծով կապահովվի նոր կառուցվող շենքերի եւ շինությունների նկատմամբ կնքվող գործարքներից ծագող իրավունքների գրանցման հստակությունը: Նախագծով ներդրվել է վերահսկողության մեխանիզմներ բանկի, գանձապետարանի, նոտարների միջոցով: Մասնավորապես, վճարումները իրականացվելու են այս մարմինների միջոցով՝ հիմնվելով այն ելակետից, որ կառուցապատողներն իրավունք կունենան ստանալ դրամական միջոցներ միայն շինարարական աշխատանքների որոշակի ծավալ ապահովելու դեպքում:

Սեդրակ Բաղդասարյանը նկատում է, որ սա լավ նախաձեռնություն է, սակայն քաղաքացու շահերի պաշտպան հանդես գալով՝ այդուհանդերձ, կառավարությունը որպես երաշխավոր հանդես չի գալիս այն դեպքերում, եթե ասենք՝ կառուցապատողը սնանկ ճանաչվի, քաղաքացու փոխանցած գումարները հետ վերադարձման երաշխավորված լինեն պետության կողմից: Նշենք, որ նույն նախագծում կառավարությունն առաջարկում է «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարել, եւ ըստ այդմ՝ «եթե պարտապանը բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցապատող է եւ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված շենքը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի հիման վրա ծանրաբեռնված է այլ անձանց իրավունքներով, ապա կառավարչի պահանջն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը սնանկության հաշվին վճարելու դեպքում կառավարիչը կառուցապատողի անունից կնքում է օրենքով սահմանված պահանջներին համապատասխան փոխանցման ակտ եւ անձին փոխանցում առանձնացված միավորի սեփականության իրավունքը»:

Այսինքն՝ այստեղ խոսքը քաղաքացու սեփականության իրավունքի փոխանցումն է, եթե, իհարկե, արդեն սնանկ ճանաչված կառուցապատողից հետո հայտնվի մեկ այլ՝ նոր կառուցապատող ու ստանձնի, ասենք, կիսատ շենքն ու բնակարաններն ավարտին հասցնի ու հանձնի քաղաքացիներին: Բաղդասարյանը նաեւ նշում է, որ հանրային գերակա շահի դեպքում կառուցապատողին ընտրում է ՀՀ կառավարությունը եւ նրան հանձնարարում է բացառիկ հանրային շահն իրականացնել. սա պետական գործողություն է, ու կառուցապատողը պարտադրված է պայմանագիր կնքել Երեւանի քաղաքապետարանի հետ. «Բայց քաղաքացու սեփականությունն օտարում է կառուցապատողը, որի հետ քաղաքացին ստիպված է բանակցել: Բա որ կառուցապատողը մեռնի, քաղաքացին ի՞նչ պիտի անի: Սրա մասին 2008-ին եւ 2006-ին Սահմանադրական դատարանում բարձրաձայնվել է: Եթե հանրային շահ է, ուրեմն քաղաքացու սեփականությունը պիտի օտարի պետությունը, քաղաքացու հետ հարցերը լուծի, հետագայում էլ տարածքը կտա Պողոսին, թե Պետրոսին՝ իր գործն է: Բայց պետությունը չի ուզում փող տալ, թողնում է կառուցապատողի խղճին: Կարդում եմ նախագիծն ու ուզում եմ հասկանալ՝ պետությունը երաշխավոր կանգնո՞ւմ է, թե՞ ոչ: Կարծես թե ինչ-որ երաշխիքներ տալիս է, բայց ոչ ամբողջությամբ: Բացի այս, հաշվի առնելով Եվրադատարանում օտարման գոտու բնակիչների հաղթանակը՝ կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունները՝ իրեն ապահովագրելու համար»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930