Էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով բիզնեսը լուրջ խնդիրների առաջ կկանգնի: Այս համոզմանն է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» անդամ, «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ Սարգսյանը: Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ու դրա հետ կապված տնտեսական եւ սոցիալական հետեւանքներից՝ պարոն Սարգսյանն ասաց, որ հոսանքի թանկացմանը շղթայական ռեակցիայով կհետեւի մի շարք ապրանքների գնաճը, քանի որ արտադրանքի ինքնարժեքի միայն 20-22 տոկոսը կազմում է էլէներգիայի ծախսը:
«Մենք հիմա խոսում ենք նոր տեխնոլոգիաների, նոր հոսքագծերի մասին, որոնք հզոր էներգագծեր են համարվում: Այսօր պահածոների, հանքային ջրերի, զովացուցիչ ըմպելիքների հոսքագծերը ոչ թե ժամում վեց հազար կամ տասը հազար են արտադրում, այլ 24-ից 30 հազար, որոնք իրենց ցուցանիշներով շատ բարձր էլեկտրաէներգիա են տանում, իսկ հոսանքի թանկացումը կնշանակի, որ մենք կատաստրոֆիկ կերպով կիջեցնենք մեր մրցակցային մակարդակը»:
Պարոն Սարգսյանը հիշեցրեց վերջին ամիսներին ռուսական ռուբլու արժեզրկումով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած գների բարձրացումը, որը ծանր հետեւանքներ թողեց հայաստանյան արտահանողների վրա. «Մեր արտահանողները շատ մեծ կորուստներ կրեցին: Ճիշտ է, մենք փորձում ենք կառավարության հետ բանակցել, որպեսզի որոշակի փոխհատուցում տրվի, բայց առայժմ չի հաջողվում, մենք միշտ միեւնույն պատասխանն ենք ստանում՝ ռիսկը բիզնեսմենինն է, բիզնեսինն է»:
Գագիկ Սարգսյանը օրինակ է բերում հարեւան Վրաստանին, որտեղ 2006 թվականից այս կողմ էլեկտրաէներգիայի արժեքը չի փոխվել, ընդհակառակը՝ անընդհատ փորձեր է արվում սակագինն իջեցնել, որպեսզի ոչ մի դեպքում բիզնեսը չտուժի. «Նրանք հրավիրել են միջազգային հեղինակավոր աուդիտ իրականացնողների, որոնք ասել են, որ նույնիսկ այդ պարագայում մի փոքր ռեսուրս կա իջեցնելու՝ այն դեպքում, երբ Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 32 դրամի սահմաններում է: Մենք ոտք ենք գցում ԱՄՆ-ի, Նորվեգիայի պես երկրների հետ, որտեղ տնտեսությունն այնքան է աճել, եւ աշխատավարձն էլ այդքան բարձր է»:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2015