Լրահոս
Օրվա լրահոսը

Միսակ Մարտիրոսյան. «Հանցավոր խմբի ոչ մի անդամի մեղադրանքում չկա նշված, թե նա ունեցել է իր ուրույն տեղը»

Հունիս 10,2015 15:00

Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանն երեկ ավարտեց իր պաշտպանական ճառը: Նրա համար մեղադրողը միջնորդել է 14 տարվա ազատազրկում:

Նախկին պաշտոնյան անդրադարձավ նախաքննության ժամանակ իր տեղակալ Արմեն Մովսիսյանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի կադրերի բաժնի պատասխանատուներից՝ Անգին Ղուկասյանի ցուցմունքներին, մասնավորապես, նոր՝ իրեն առաջադրված մեղադրանքին:
«Եթե նախկին մեղադրանքով՝ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ ստեղծել են կայուն խումբ, այժմ պարզ դարձավ, որ տալով իմ համաձայնությունը՝ ստեղծվել է կայուն խումբ: Ընդամենը երկու էջ հետո օգտագործվում է հավանություն բառը: Երեւի որեւէ կերպ չեն կարողանում կողմնորոշվել: Հարգելի դատարան, եթե դատաքննության ընթացքում ընթերցվում է միայն Արմեն Մովսիսյանի ցուցմունքը, ի՞նչ նոր հանգամանք պարզվեց, որոնք նախաքննության ընթացքում չէին ստուգվել ու գնահատվել: Սա արդյոք հանձնարարության կատարում չէ՞, որի պատճառով մեղադրողն ակնհայտ կեղծ մեղադրանք է առաջադրում»,- հարցրեց Մ. Մարտիրոսյանը:

Ըստ նրա, եթե նախկին մեղադրանքով «կազմակերպված խմբի» անդամների միջեւ կատարվել է դերաբաշխում, այժմ յուրաքանչյուրը, այդ թվում՝ Մ. Մարտիրոսյանը, ունեցել են իրենց ուրույն տեղը: Այս կապակցությամբ Մ. Մարտիրոսյանն ասաց. «Իրենց կողմից նշված հանցավոր խմբի ոչ մի անդամի մեղադրանքում չկա նշված, որ նա էլ է ունեցել իր ուրույն տեղը»:

Անդրադառնալով դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորություններին, ինչը, մեղադրողների կարծիքով, չարաշահել է ամբաստանյալ պաշտոնյան, մասնավորապես, ավելացրել էր ծառայության հաստիքացուցակները հաստատելու եւ փոփոխելու լիազորությունները, Մ. Մարտիրոսյանը նշեց. «Սա եւս անհեթեթություն է, քանի որ դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը եւ պաշտոնների անվանացանկը հաստատում է ԴՆԽ-ն՝ Դատարանների նախագահների խորհուրդը, ՀՀ դատական օրենսգրքի 200 հոդվածի համաձայն, իսկ դատական դեպարտամենտի ղեկավարը հաստատում է դատական ծառայողների հաստիքացուցակը ԴՆԽ-ի կողմից հաստիքների քանակը եւ պաշտոնների անվանացանկը հաստատելուց հետո մեկամսյա ժամկետում»:

Մեղադրանքի փոփոխությունը, ըստ Մ. Մարտիրոսյանի՝ «նորամուծություն է», միայն թե անհրաժեշտ էր, որպեսզի գրվեր՝ «վերադասի անհրաժեշտ համաձայնությունը ստանալուց հետո» արտահայտությունը. «Կարծիք կարող է ձեւավորվել, որ այդ հանցագործությունը կատարելու համար պարտադիր անհրաժեշտ էր դատական դեպարտամենտի ղեկավարի համաձայնությունը, հակառակ պարագայում դա հնարավոր չէր լինի կազմակերպել ու կատարել»:

Ինչ վերաբերում էր դատական կարգադրիչների ծառայության նախահաշիվների հաստատմանը, որով ապահովվել է հափշտակվող գումարների` բյուջեից տրամադրման գործընթացին օժանդակելուն, Մ. Մարտիրոսյանն ասաց, թե չի կարող վերլուծել այս մեղադրանքը, որովհետեւ չի կարող պատկերացնել, թե ինչ են մտածել նման որոշում կայացնողները, եւ առաջարկեց կրկին անցնել դատաքննության փուլին, որպեսզի մեղադրողին հնարավորություն տրվի «դրսեւորվել»:

Դատախազները հաստատված էին համարել նաեւ այն, որ Ա.Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ՝ Մ. Մարտիրոսյանն անձամբ եւ վերջինիս միջոցով կաշառք է ստացել:
«Այժմ պարզ դարձավ ինչպես նախնական համաձայնությամբ, այնպես էլ անձամբ կաշառք եմ ստացել: Սրանք պարզապես հայոց լեզվի տարրական գիտելիքներ էլ չունեն, որ, եթե նախնական համաձայնությամբ անձամբ կաշառք եմ վերցրել, ուրեմն անհրաժեշտ է Ա.Ղուկասյանին էլ Վ.Կարապետյանի դրվագով մեղադրանք առաջադրել: Եթե 01.10.13թ. մեղադրանքով ստացել էի կաշառք ու իմ հրամանով Մ. Ստեփանյանին նշանակել էի աշխատանքի, 04.12.13 թ. մեղադրանքով պարզվեց, որ 1000 ԱՄՆ դոլար կաշառքով աշխատանքի ընդունելու համար նպաստել եմ պաշտոնի նշանակելուն: Նոր մեղադրանքով ստացվեց, որ նշանակմանը նպաստելու համար Ա.Ղուկասյանի միջոցով պահանջել եմ կաշառք: Հարգելի դատարան, մի՞թե Ա. Ղուկասյանն իր ցուցմունքով հայտնել է, որ 1000 ԱՄՆ դոլար պահանջել եմ նպաստելու համար, որտեղի՞ց մեղադրողը պեղեց այս միտքը, եթե մեկ անգամ եւս հրապարակենք Ա.Ղուկասյանի ցուցմունքը, հնարավո՞ր է նոր մեղադրանքի հիմքեր առաջանան: Վ.Կարապետյանի կողմից էլ նախկին մեղադրանքով ստացել էի «Նապոլեոն» տեսակի կոնյակ, այժմ նոր մեղադրանքով ասվեց՝ «Նապոլեոն» պիտակով կոնյակ: Անկեղծ ասած, այս փոփոխությունն էլ ինձ համար մնաց անհասկանալի, որովհետեւ, եթե ասում ենք «Նապոլեոն» տեսակի կոնյակ, ապա հասկանում ենք այդ խմբին պատկանող նաեւ այլ անվամբ այլ կոնյակ, իսկ եթե ասում ենք «Նապոլեոն» պիտակով կոնյակ, ապա հասկանում ենք պիտակի վրա որպես անուն «Նապոլեոն» անվան գրառում»,- նշեց Մ. Մարտիրոսյանը:

60 էջանոց պաշտպանական ճառում կար առանձին հատված «Իմ հանդեպ դրսեւորված առանձնահատուկ սուբյեկտիվիզմի մասին» անվամբ:

Մ. Մարտիրոսյանի գնահատմամբ, իր նկատմամբ ապօրինաբար հանցագործության դրվագներ են սարքվել մեկ նպատակով, որպեսզի արհեստականորեն սարքված դրվագները հանկարծ չքանդվեն կամ առերեսումների ժամանակ հանվել են իր կողմից տրված հարցերը, իսկ առերեսվողների պատասխաններն էլ չեն արձանագրվել, որը հայտարարության ձեւով պաշտպանական կողմը միջնորդել էր արձանագրության մեջ գրանցել:
Դատարանի ուշադրությունը նա հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալներից Ա.Ղուկասյանը թշնամանք է տածել իր նկատմամբ, որի կապակցությամբ, ըստ Մ. Մարտիրոսյանի, ոչ մի քննություն չի կատարվել:

Մեղադրողը հայտնել էր, թե Ա.Ղուկասյանն առերես պնդեց ցուցմունքներն իր բոլոր մանրամասնություններով, հերքելով բոլոր փաստարկները.
«Մեղադրողի նման վարքագիծը միայն անպատժելիությունն է, ինչպես կարելի է նման բան հայտարարել, երբ Ա. Ղուկասյանն ընդամենը մի քանի հարցի պատասխանելուց հետո հրաժարվեց հարցերին պատասխանել, որի պատճառով հրապարակվեց նրա նախաքննական բոլոր ցուցմունքները»:

Իսկ մեղադրողը բառացի ասել էր հետեւյալը. «Հիմնավորվեց, որ Մ. Մարտիրոսյանն իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար պահանջել եւ վերցրել է գումար Ա. Ղուկասյանից, ում այդպես է ներկայացրել ու պայմանավորվել»:
Այս կապակցությամբ հետեւեց Մ. Մարտիրոսյանի հարցը. «Ինչպե՞ս կարելի է հաստատված համարել, որ լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար կաշառք եմ պահանջել, սակայն մեղադրանք առաջադրել պաշտոնին նշանակելուն նպաստելու համար: Այդ երբվանի՞ց է նպաստելը դարձել պաշտոնեական լիազորություն, իսկ եթե այդպես է ներկայացրել, այդ դեպքում ինչպե՞ս պարզեցին իմ այդ նպատակը, որ աշխատանքի նշանակելու համար մեղադրանք են առաջադրում»:

Ինչ վերաբերում է կազմակերպված խմբի 12 անդամների՝ դատախազի կողմից վկայակոչված ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքներին, Մ. Մարտիրոսյանը նկատեց, որ Ա. Ավագյանի համար դա ծանրացնող հանգամանք է համարվել, քանի որ 30 մեռած հոգի է ունեցել իր ստորաբաժանումում եւ ոչ մի լումա չի յուրացրել, ապա Արմեն Մովսիսյանը, որը կազմակերպել էր դա, հանձնարարել էր սկսել պրոցեսը, յուրացրել էր 25 մլն դրամ՝ ծանրացնող հանգամանք չէր «ունեցել»: Մեղադրողը Ա. Մովսիսյանի եւ Ա. Ղուկասյանի մեղմացնող հանգամանքները նշելիս արձանագրել էր, որ «զղջացել են կատարածի համար», սա այն դեպքում, երբ Ա. Մովսիսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի, իսկ Ա.Ղուկասյանն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել:
«Ինչպե՞ս կարող են այս դեպքում նրանք զղջալ կատարվածի համար»,- հարցրեց Մ.Մարտիրոսյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930