Լրահոս
Օրվա լրահոսը

Քննչականի քննիչը քրեական գործ է հարուցել ոստիկանապետի տեղակալի նկատմամբ

Հունիս 10,2015 14:30

Ի՞նչ առնչություն ունի Կապանի փոխոստիկանապետը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզվառելիքի գողության հետ

Օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանապետի հրամանով պաշտոնանկ է եղել Կապանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանը։ Թե ինչու, ինչ պատճառով, պաշտոնապես ոչինչ չասվեց: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, պաշտոնանկությունը կապված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դիզվառելիքի հափշտակությունների գործերով Կապանի քննչական բաժնի բացահայտումների հետ։

Պարզվում է, որ Կապանի քննչականը քրեական գործ է հարուցել Կապանի փոխոստիկանապետ Հայկ Հովհաննիսյանի կողմից վկաների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով։
Դիզվառելիքի հափշտակության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մասնակից են հենց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները՝ ներքին ավտոհավաքակայանի պետն ու նրա ենթական՝ ավտոհավաքակայանի ավագ երթակարգավարը, ովքեր 2015թ. հունվարից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության անսարք ավտոմեքենաների համար կազմել են դիզելային վառելիք ու բենզին ստանալու իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր եւ ստացել շուրջ 4 մլն դրամի վառելիք։

Կապանի ոստիկանապետի տեղակալը կարծես թե այնքան էլ հակված չի եղել գործի բացահայտման հարցում ու փորձել է ողջ պատասխանատվությունը բարդել երթակարգավարի վրա՝ պաշտպանության տակ վերցնելով ավտոհավաքակայանի պետին։ Ըստ «Առավոտի» աղբյուրի, վկաների հավաստմամբ՝ ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանը սպառնացել է իրենց ու պահանջել, որպեսզի ավտոհավաքակայանի պետի անունը չտան։
Այդ պատճառով Կապանի քննչական բաժնի քննիչը քրեական գործ է հարուցել իրենց տարածքի ոստիկանապետի տեղակալի նկատմամբ, որն իսկական իրարանցում է առաջացրել Կապանի ոստիկանության բաժնում։

Երբ քննիչը հարուցված քրեական գործի մասին հաղորդում է ներկայացրել հաշվառման համար, Կապանի ոստիկանության բաժնում որոշ աշխատակիցներ վրդովվել են կատարված փաստից ու անգամ սպառնացել էին թույլ չտալ, որ առհասարակ քննիչները մուտք գործեն իրենց շենք։

Ի դեպ, ինչպես Կապանում, այնպես էլ մի շարք մարզերում առայժմ քննչական բաժինները դեռեւս տեղակայված են ոստիկանության շենքերում: Ոստիկանների տրամաբանությամբ, քննիչը դեռ բավական չի, որ նստում է իրենց շենքում, հանդգնել է իրենց փոխոստիկանապետի դեմ քրեական գործ հարուցել։ Քանի որ կատարվածի մասին շատ արագ տեղեկացվել էր Երեւանում, արձագանքը եղել է նույնքան կտրուկ։ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոչ միայն աշխատանքից ազատել է Հայկ Հովհաննիսյանին, ում դեմ Քննչական բաժինը քրեական գործ էր հարուցել, այլ նաեւ նշանակել է ծառայողական քննություն՝ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930