Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրային քառանկյունի»՝ մեղմ պաստելային «երանգներով»

Հունիս 10,2015 14:00

Սիրո խնդրի մասին՝ կատակերգության ժանրով

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օրերս կայացավ «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի: Երկու գործողությամբ կատակերգությունը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը, երաժշտական ձեւավորումը նույնպես Հակոբ Ղազանչյանինն էր, իսկ պարային կտորների վրա աշխատել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը:

Ներկայացման մեջ ներգրավված էին ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանն ու Բորիս Պեպանյանը, ինչպես նաեւ դերասաններ Անի Քոչարյանն ու Հասմիկ Վերդյանը: Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը լուծել էր իր առջեւ դրված խնդիրները՝ ասես ափի մեջ ներկայացված էր մի պատմություն, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ՝ սկսած քեզանից, վերջացրած հարեւանով: Բորիս Պեպանյանն այս ներկայացման մեջ իր «ափսեում» էր, նա հրաշալի էր մարմնավորել սիրող, տառապող, խճճված եւ ի վերջո՝ իմաստնացած տղամարդուն: Համոզիչ էր նաեւ Մարիամ Ղազարյանի խաղը՝ հավատարիմ կին, որ գիտի ամուսնու դավաճանության մասին, բայց միշտ ներում է նրան, քանզի համոզված է, որ ի վերջո տուն է վերադառնալու: «Տուն, բայց ոչ ընտանիք»,- ասում է Անի Քոչարյանի մարմնավորած սիրուհին: Ըստ նրա, ինքնասիրության պակաս ու ներման ավելցուկ ունեցող կանանցից են տղամարդիկ հեռանում: Չնայած իրեն բաժին հասած վառ հերոսին, Անի Քոչարյանն այնքան էլ բնական չէր խաղում, տպավորություն կար, թե կաշկանդում ունի: Ներկայացմանը յուրատեսակ գույն էին տվել պարային կտորները՝ տանգոյի միջոցով շեշտադրելով սիրո գլուխկոտրուկի երբեմն վտանգավոր հանգուցալուծումները:

Ինչի՞ մասին է «Սիրային քառանկյունին». տղամարդն ունի օրինական կին, այսպես կոչված, պաշտոնական սիրուհի եւ գտել է եւս մեկին, որին ամուսնության առաջարկ է արել: Առաջինը դրա մասին տեղեկանում է սիրուհին ու փորձում մյուս երկու կանանց միջոցով պատժել տղամարդուն: Վերջինս, սակայն, տանել չի կարողանում կանացի ինտրիգներն ու վրեժխնդրությունը, դրանք կարող են վանել ցանկացած տղամարդու:

Տղամարդու երեք կանայք տարբեր են՝ տարիքով, արտաքինով, նախասիրություններով, սակայն նման են, քանի որ սիրում են տղամարդուն ու չեն ցանկանում կորցնել: Օրինական կնոջից, որը միշտ հավատարիմ ու ներող է, տղամարդը որդի ունի, ու համոզված է, որ խելացի կինն իր սիրած տղամարդուց պետք է երեխա «գողանա»: Հանուն սիրած տղամարդու ամուսնուն թողած սիրուհին 6 տարի շարունակ իր տղամարդուն տվել է երջանկություն, ուժեղ, ինքնավստահ, հպարտ զգալու զգացողություն: «Ճգնաժամային» տարիքում գտնվող՝ 50-ամյա տղամարդուն հանդիպած երրորդ կինն էլ նրան վերջին թռիչքի հնարավորություն է տվել:

Մեծ հաշվով ներկայացումը սիրո կամ արդեն անցած սիրո մասին է, ինչ-որ տեղ նաեւ տղամարդու էգոիզմի մասին, որովհետեւ հեռանալիս տղամարդը միշտ ունի համապատասխան բացատրություններ, իսկ կինը մեկ պահանջ եւ բացատրություն՝ ինքը սիրում է, ուրեմն իրենից իրավունք չունեն հեռանալու:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maga says:

    1970-ականներին ամերիկյան ու եվրոպական դրամատուրգիան արդեն հրաժեշտ էր տվել նման պրիմիտիվագույն թեմաներին: Իսկ մեզանում դեռ շարունակում են թխել նման պիեսներ: Էսքան խղճուկ հնարավոր չի էլի լինել: Դերասանական կազմն էլ մի այլ կարգի ողորմելի մակարդակ է:
    Մի խոսքով, ժողթատրոնի մակարդակ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930