Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիները շնորհակալություն են հայտնել Դադասյանին

Հունիս 10,2015 13:30

40 տարին բոլորած Երեւանի պետական մնջախաղի թատրոնը մասնակցել է տասնյակ միջազգային փառատոների: Վերջին շրջանում մասնակցել է նաեւ Բոսնիա Հերցեգովինայում եւ Թբիլիսիում առաջին անգամ անցկացվող նման միջոցառումներին: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, որ մինչեւ տարեվերջ կներկայանան երկու միջազգային փառատոների եւս. հունիսի 25-28-ը Բելգրադում, որտեղ մնջախաղի միջազգային փառատոն անցկացվում է արդեն 40-րդ անգամ եւ աշնանը Մեքսիկայում կայանալիք «Servantino» փառատոնին:

Ժիրայր Դադասյանից նախ հետաքրքրվեցինք տարածաշրջանում մնջախաղի միջազգային փառատոներով: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Ծաղկաձորում երկու տարին մեկ անցկացվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը, 2016թ. կկայանա 5-րդ հոբելյանականը, հետո էլ հակիրճ ներկայացրեց այս ոլորտի մեր հարեւանների արվեստը. «Վրաստանում մնջախաղի թատրոնը կեսդարյա պատմություն ունի, որը հիմնել է Ամիրան Շալիկաշվիլին, վերջին շրջանում էլ այն ղեկավարում է կրտսեր Ամիրան Շալիկաշվիլին: Հայ հանդիսատեսը հավանաբար կմտաբերի վրացի մնջախաղացների մասնակցությունն առայժմ միակ՝ 2001թ. մեզ մոտ անցկացված «Նազենիկ» փառատոնին: Դրանից հետո մեր հրավերներին ի պատասխան՝ վրացիները «լռեցին» իրենց երկրում քաղաքական վայրիվերումների պատճառով: Իսկ Ադրբեջանում մնջախաղի թատրոն հիմնվել է 1994թ., որը պետական կարգավիճակ է ստացել միայն 2000թ., ղեկավարն է Բախտիյար Խանիզադեն»: Ի դեպ, ադրբեջանական մնջախաղի թատրոնի համար 2013թ. շահագործման է հանձնվել տիպային շենք:

Անդրադառնալով օրերս Թբիլիսիում անցկացված փառատոնին, պարոն Դադասյանը նշեց, որ աշխարհագրությունը ընդարձակ չէր, մասնակցել են ընդամենը Գերմանիան եւ Ճապոնիան, հետո էլ ասաց, թե իրենք ներկայացել են ըստ Հաղպատի ավետարանի մանրանկարչության, իր ռեժիսուրայով բեմադրված «Շերանիկով»: Դիտարկմանը, թե հիշյալ բեմադրությամբ, որը թատրոնի այցեքարտն է, հաճախ են լինում արտերկրում, ռեժիսորը պատասխանեց. «Վրաստանում հենց «Շերանիկն» էր անհրաժեշտ: Ներկայացումից հետո հանդիսատեսներից ոմանք մոտեցան, շնորհակալություն հայտնեցին այս թեմային անդրադառնալու համար, ասելով, որ դա իրենց ստիպեց սեփական պատմությունը վերանայել: Իսկ «Շերանիկի» սյուժեն 13-րդ դարասկզբին հայ-վրացական միացյալ բանակով Իվանե եւ Զաքարե Զաքարյանների գլխավորությամբ Անի քաղաքի ազատագրման նկարագրությունն է…»:

Մնջախաղային բեմադրություններում իբրեւ սցենարիստ հանդես են գալիս հիմնականում իրենք՝ ռեժիսորները: Մեր հարցին՝ բացառվո՞ւմ է արդյոք, որ որեւէ բեմադրություն իրականանա նաեւ «դրսի» սցենարիստի ստեղծագործությամբ, Ժիրայր Դադասյանը պատասխանեց, թե չի բացառվում նման համագործակցությունը: Նաեւ հավելեց, թե իրենց խաղացանկում ունեն ավելի քան 10 բեմադրություն, իսկ մեկը՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» վեպի նույնանուն ներկայացումն է: Նշեց, որ համագործակցում են ժամանակակից կոմպոզիտորների հետ, փաստելով Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ «Շերանիկն» ու «Այծ-ծեսը» եւ Վահան Արծրունու «Գիրք ծաղկանց» ներկայացումը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Տեսարան «Շերանիկը» ներկայացումից:

«Առավոտ» օրաթերթ
09.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930