Այսօրվա տարածված հիվանդություններից է բրոնխիալ ասթման, որը ընթանում է շնչարգելության շատ բնորոշ նոպաներով եւ պայմանավորված է բրոնխների անցանելիության խաթարմամբ։ Առաջացման պատճառներից հիմնականն ալերգիան է, որն օրգանիզմը դարձնում է գերզգայուն տարբեր գործոնների նկատմամբ։ Որպես ալերգեններ կարող են առաջացնել սննդամթերքը` ձու, շոկոլադ, ձուկ, փոշին (տնային ծաղիկների), մորթին, մանրէների քայքայման ժամանակ առաջացած նյութերը։ Եթե շնչառական օրգաններում առկա է որեւէ բորբոքային օջախ, այն կարող է օրգանիզմը դարձնել գերզգայուն եւ առիթ հանդիսանալ բրոնխիալ ասթմայի նոպաների կրկնման համար։ Բրոնխիալ ասթման կարող է կապված լինել նաեւ հիվանդի մասնագիտության հետ (մորթագործներ, ներկանյութերի, մասնավորապես՝ ուրսոլի հետ առնչվողներ)։
Բրոնխիալ ասթմայի նոպաների ժամանակ հիվանդը զգում է խեղդոց՝ երկարացված արտաշնչման ակտով։ Նոպան շատ հաճախ լինում է գիշերը։ Այն սովորաբար սկսվում է հանկարծակի, որին նախորդում է քթի կամ բկանցքի քորի տհաճ զգացումը, հարբուխը, մաշկի քորը։
Նոպայի սկզբում կարող է հազ չլինել, բայց հետո սկսվում է չոր, տանջող հազը՝ սուլող խզզոցներով՝ վերջում ուղեկցվելով խորխարտադրությամբ, որը դժվարությամբ է պոկվում։ Նոպան սովորաբար տեւում է 2 -3 ժամ, բայց կարող է ձգվել մինչեւ մի քանի օր։ Նոպաների հաճախականությունը տարբեր է։ Որոշ հիվանդների մոտ այն կարող է կրկնվել տարվա որոշակի եղանակներին՝ հազվադեպ, իսկ մյուսների մոտ՝ ավելի հաճախակի եւ զուգակցվել խրոնիկական բրոնխիտի ու թոքերի էմֆիզեմայի հետ. այս դեպքում հեւոցը դառնում է ավելի հաստատուն, հիվանդը կորցնում է աշխատունակությունը։
Դեղաբույսերով բուժման նպատակն է կանխարգելել հերթական նոպաները, թեթեւացնել կամ պարզապես վերացնել նոպայի ընթացքը, դուրս բերել օրգանիզմը գերզգայուն վիճակից, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը, փոխել հազի տանջող բնույթը, առաջացնել խորխարտադրություն։ Բուժումը կազմակերպելիս, անշուշտ, պետք է ելնել հիվանդության ախտանիշներից։
Մասնագետները բրոնխների կծկանքը վերացնող եւ շնչառությունը կարգավորող հավաքներ են առաջարկում. մանուշակ եռագույն, տատրակ եւ ուրցի վերգետնյա մաս՝ 10 գ, կղմուխ Հեղինեի` արմատ 10 գ, անիսոնի պտուղներ՝ 10 գ: Մեկ ճաշի գդալ հավաքին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե։ Խմել 1/4 բաժակ, օրական 4 անգամ՝ ուտելուց հետո։
Կարդացեք նաև
Մեկ այլ հավաք. առաջարկվում է ձիաձետ դաշտային, մանդիկ ծտային՝ վերգետնյա մասերը՝ 10 գ եւ 10 գ ալոճենու ծաղիկներ: Խմել ջրաթուրմը 1/3 -1/4 բաժակ, օրական 3-4 անգամ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.06.2015