Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած տեղեկատվությունը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանի կարծիքով քաղաքացիների ռեակցիան ստուգելու համար է արվել:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն հաշվարկել եւ որոշել է՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը կբարձրացնի ոչ թե 17 դրամով, այլ՝ 6.93 դրամով:
«Պայքարը շարունակվելու է, որովհետեւ բոլորս էլ ի սկզբանե հայտարարել ենք ոչ մի լումայի դեմ: Պահանջը հստակ է՝ ոչ մի թանկացում: Թող իրենք իրենց հայտարարությունն անեն, ժողովուրդն էլ իր անելիքը կանի: Եթե հայտարարությունների միջոցով ուզում են մարդկանց ռեակցիան տեսնել, ապա հունիսի 19-ին կտեսնեն»,- Aravot.am-ին ասաց նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Մեր հարցին, այսինքն ՀԷՑ-ը չարաշահումներ ու ուռճացված ծախսեր թույլ չի՞ տվել, որ հանձնաժողովը հաստատել է սակագնի թանկացման հայտը, մեր զրուցակիցը շարունակեց. «Փողերի լվացումն ու չարաշահումները չեն արվել միայն ՀԷՑ-ի ղեկավարության կողմից, այդ չարաշահումների մեջ իրենց բաժինն ունի նաեւ մեր կառավարությունը, իշխանությունը: Դրա համար էլ ամեն կերպ փորձում են կոծկել այդ չարաշահումները: Դրա համար էլ դատախազությունը հանցագործության մասին հաղորդում չընդունեց նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությունը, որովհետեւ իրենց դեմ հո գործ չէին հարուցելու, ՀԷՑ-ն էլ իրենց գործընկերն է, ՀԷՑ-ի միջոցով է արվել այս ամենը, դրա համար պետք պաշտպանեն»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ յոթ դրամի թանկացման մասին լուրը լսելուց հետո, քաղաքացիների բողոքը կմարի ու մեծ թվով քաղաքացիներ փողոց այլեւս դուրս չեն գա, ինչպես օրինակ նախնական տասնյոթ դրամով թանկացման դեպքում էր, ակտիվիստը շարունակեց. «Չեմ կարծում, որովհետեւ ի սկզբանե քաղաքացիներին իրազեկվել է, եւ քաղաքացիներն էլ իրենք էլ ասում են՝ ոչ մի դրամ չպետք է թանկանա, որովհետեւ նախորդ թանկացումը զգացել են, թե ինչքան է խփել իրենց բյուջեին: 17 դրամ հետո 7 դրամ թանկացնելու խաղը ի սկզբանե բոլորի համար պարզ էր, բոլորս էլ գիտենք՝ իրենց քայլերի հաջորդականությունը: Հայտարարում են մեծ գումար, հետո հաստատում ավելի քիչ գումար, որ ժողովրդի բողոքը մարի, բայց այս անգամ ոչ ոք չի լռի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ