Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են կարևոր անչափահաս դատապարտյալների շրջայցերը սրբավայրեր ու մշակութային օջախներ

Հունիս 09,2015 22:30

Երևան քաղաքի, Արմավիրի և Կոտայքի մարզերի 20 անչափահաս դատապարտյալներ, որոնց նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, այսօր այցելեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժինն անչափահաս դատապարտյալների նկատմամբ իրականացվող վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով տարաբնույթ միջոցառումներ է կազմակերպում նրանց մասնակցությամբ:

Այս անգամ Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ շրջայց էր կազմակերպել Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում:

«Մեկ օր Մայր աթոռում» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում նրանք Մայր տաճարում մասնակցեցին միասնական աղոթքի և օրհնության կարգի, այցելեցին թանգարաններ (Մայր տաճար, Գանձատուն, Ռուբեն Սևակ), Սուրբ Գայանե վանք, որտեղ հանդիպեցին Վանորեից տեսուչ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հետ:

Սրբազանը երկար զրուցեց պատանիների հետ, իսկ վերջում հորդորեց նրանց անպայման ի ցույց դնել իրենց ներսում եղած ամենալավն ու գեղեցիկը. «Դուք, հավանաբար, տեսել եք՝ ինչպիսի հաճույքով են ձեր մայրիկները տան կահույքը տեղափոխում սենյակի մի անկյունից մյուսը: Դուք էլ ձեր ներսում արեք այդ տեղափոխությունը. կա՞ այնտեղ այնպիսի բան, որ ձեզ դուր չի գալիս, տեղաշարժեք այն, դրեք մի անկյուն, ասեք՝ սա մի օր կվառենք, որովհետև պետք չէ: Իսկ լավ բաները բերեք առաջ, որ ավելի շատ մարդ տեսնի»,- ասաց Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ-ում 36 անչափահաս դատապարտյալ կա: Նրա հավաստմամբ՝ տարեցտարի նվազում է անչափահաս դատապարտյալների թիվը: Իսկ առավել հաճախ հանդիպող հանցագործությունները երկուսն են՝ գողություն և խուլիգանություն: «Հիմնական պատճառը սոցիալականը չէ: Դա պատճառներից մեկն է, իսկ հիմնականը, կարծում եմ, ծնողների թույլ վերահսկողությունն է իրենց երեխաների նկատմամբ և, իհարկե, շրջապատը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Ավետիսյանը:

Aravot.am-ի հարցին՝ ինչով է պայմանավորված անչափահաս դատապարտյալների թվի նվազումը, Լևոն Ավետիսյանը պատասխանեց. «Առաջին հերթին ես դա կապում եմ նրանց հետ տարվող դաստիարակչական աշխատանքներով ու նաև այն աշխատանքներով, որոնք դպրոցներում կատարում է ոստիկանությունը: Անչափահասների դեպքում պետք չէ սպասել, որ դատապարտվեն, նոր սկսենք աշխատել: Կանխարգելիչ միջոցառումներն ավելի կարևոր են, քան դատապարտվելուց հետո նախաձեռնվող աշխատանքները: Շատ կարևոր է նաև հասարակության վերահսկողությունը յուրաքանչյուր անչափահասի նկատմամբ»:

Շրջայցին մասնակցող 20 անչափահասներից մեզ հաջողվեց խոսել միայն մեկի հետ, մյուսները չհամաձայնեցին: Սակայն մեր զրուցակիցն էլ հրաժարվեց իր պատմությունը ներկայացնելուց. միայն ասաց, որ ինքը ոչինչ չի արել, ընդամենը թյուրիմացության պատճառով է զոհ դարձել ու չի կարողացել իր անմեղությունն ապացուցել:

Aravot.am-ը հետաքրքրվեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրեակատարողական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն աբեղա Զարգարյանից, թե կարո՞ղ են արդյոք նմանատիպ միջոցառումները նպաստել, որ անչափահաս դատապարտյալները հաղթահարեն իրենց ընկճվածությունը և չխուսափեն շփումներից:

«Նրանց ընկճվածության մեջ իր մեղքի բաժինն ունի նաև հասարակությունը: Մենք պիտի նրանց անընդհատ ներգրավենք, հասկացնենք, որ իրենք արժեք են, որ մեծանալով իրենք էլ կարող են արժեքներ ստեղծել, իրենք էլ կարող են անուն ունենալ, օգուտ տալ մյուսներին»,- պատասխանեց Ռուբեն աբեղա Զարգարյանը և պարզաբանեց, թե այսպիսի այցերը կարևոր են հատկապես ինչ առումով. «Տեսեք, մենք քարոզում ենք Աստծու խոսքը, որը, հնարավոր է, շատերի համար հասկանալի չլինի: Եվ քրիստոնեության հանճարեղ լուծումներից մեկն էլ այն է եղել, որ աստվածային ճշմարտությունը փոխանցել է ոչ միայն խոսքի, այլև արվեստի միջոցով: Այն, ինչ տեսնում են այստեղ այդ պատանիները, արվեստի միջոցով ճշմարտության, աստվածային ներշնչանքի փոխանցում է: Նրանք այստեղ մի կողմից տեսնում են աստվածային ոլորտի ճշմարտություններ, մյուս կողմից էլ տեսնում են մարդու ստեղծագործելու, հանճարի դրսևորումը: Շատ կարևոր է, որ հատկապես այս տարիքի աղջիկներն ու տղաները հասկանան, որ կյանքում պետք է աշխատել, ստեղծագործել և Աստծու կողմից իրենց մեջ դրված տաղանդները չքնեցնել, չլռեցնել, այլ բացահայտել: Բայց այդ բացահայտումը չենք կարող թողնել նրանց իսկ նախաձեռնությանը. նրանք դեռ պատանի են, նրանց ներշնչել է պետք և, իհարկե, պայմաններ է պետք ստեղծել նրանց համար: Դպրոցները, ստեղծագործական միություններն ինչի՞ համար են»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930