Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է քրեական գործ հարուցվի Նազարյանի եւ Աբրահամյանի դեմ»

Հունիս 09,2015 20:54

Արդեն տեղեկացրել ենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է էլեկտրաէներգիայի գինը բարձրացնել 7 դրամով. Այս մասին նշված է հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգում: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը հանձնաժողովին ներկայացրած հայտում առաջարկում էր հոսանքի գնիը բարձրացնել 17 դրամով:

Նշենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի ակցիա էին կազմակերպել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Aravot.am-ը նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանից հետաքրքրվեց՝ չնայած բողոքի ակցիաներին, հանձնաժողովն, այնուամենայնիվ, որոշել է սակագինը բարձրացնել, արդյոք ակցիայի մասնակիցների քանակն ու կազմը կարո՞ղ է ազդեցություն թողնել հոսանքի սակագնի որոշման վրա, այսինքն՝ ինչպես որ իրենք պահանջում են՝ չբարձրացնել գինը:

«Միանշանակ կարող եմ ասել՝ այո, կարող է ազդել այդ որոշման վրա, բայց սկսեմ նրանից, որ հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովում դեռեւս լսումներ անգամ չեն սկսել, ուր մնաց որոշման մասին խոսք գնա»,-ասաց Շուշանյանը:  Այս դեպքում, ըստ Շուշանյանի, Ռոբերտ Նազարյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց պաշտոնների չարաշահում թույլ տվեցին, ու ժամանակից շուտ` 7-10 օր առաջ հայտարարեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին:

«Սա նշանակում է, որ այլապես իմաստ չկա իրենց` ամսի 17-ին որոշման ձեւական օր նշանակելու եւ այդ օրը ինչ-որ որոշում կայացնելու, որովհետեւ արդեն իսկ կայացրել են այդ որոշումը եւ հայտարարում են: Դեռեւս մի քանի օր առաջ վարչապետն էր ասել, հանրային ծառայությունների կարգավորող  հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էր ասել թանկացման մասին: Այս դեպքում պատկան մարմինները պետք է քրեական գործ հարուցեն նրանց ՝ Նազարյանի եւ Աբրահամյանի դեմ, որովհետեւ իրենք իրենց լիազորությունների սահմաններն անցել են: Ի՞նչ է նշանակում` մենք որոշել ենք՝ կթանկանա 7 դրամով,  այդ որոշումը կհայտարարենք ամսի 17-ին, այն դեպքում, երբ լսումներ տեղի չեն ունեցել»,-ասաց Շուշանյանը:

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ ՀԷՑ-ի գնումների կոռուպցիոն ռիսկերի մասին բազմաթիվ բացահայտումներ եղան, ԱԺ որոշ պատգամավորներ կոչ արեցին դատախազությանը զբաղվել այդ չարաշահումներով, սակայն ոչինչ էլ չարվեց, բողոքի ակցիաներ եղան, արդյոք սա չի՞ նշանակում, որ ժողովրդի ձայնը լսելի չէ կառավարությանը եւ ակցիաներն ազդեցություն չեն թողնում, Շուշանյանն այսպես պատասխանեց՝ «Ոչ թե լսելի չէ, այլ բավականին ավելի շատ լսելի է, բայց փորձում են անլրջության տալ մեր ասածները եւ մենք ամսի 19-ին կասենք մեր լրջության աստիճանի մակարդակը ու թող այն ժամանակ որոշեն՝ իրե՞նք են որոշողը, թե իրականում մենք ենք որոշողը»:

Եթե հանձնաժողովի նիստը հունիսի 17-ին է նշանակված, արդյոք բողոքի ակցիան հունիսի 19-ին կազմակերպելն ուշացած չի՞ լինի, մեր այս հարցին էլ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամն ասաց, որ իրենք իրենց պահանջը ներկայացնում են  վարչապետ Աբրահամյան Հովիկին եւ ՀՀ նախագահ Սարգսյան Սերժին, քանի որ Աբրահամյանն է հանձնաժողովի նախագահին ներկայացրել, իսկ նախագահ Սարգսյանն է՝ նշանակել է նրան այդ պաշտոնում: Սա է պատճառը, ըստ Շուշանյանի, որ նախաձեռնությունը պահանջ է դնում ոչ թե Նազարյանի այլեւ՝ վարչապետի եւ ՀՀ նախագահի առջեւ.«Մեր պահանջը եղել է կոնկրետ այդ երկու անձնավորությանը, որովհետեւ նրանցից մեկը առաջարկողն է,  մյուսը` նշանակողը, այսինքն` այս դեպքում նրանք են հանձնաժողովին հրամայում, ոնց ասում են՝ էդպես կատարում են: Մենք մեր վերջին հաղորդագրության մեջ ասել ենք, որ եթե մինչեւ ամսի 19-ը մեր պահանջները բավարար կերպով չկատարվեն, այսինքն` չթանկացվի, դեռ մի բան էլ չվերանայվի անցած տարվա բարձրացված սակագինը, մենք նպատակահարմար չենք գտնում իրենց կառավարումը, սա էլ ունի իր ենթատեքստը եւ ամսի 19-ին կհայտարարենք՝ դա ինչ է նշանակում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930