Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ ծովի հանձնախումբը հունիսի 8-9 Երեւանում ժողով է գումարել, որին մասնակցել են նաեւ ադրբեջանական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:
Լրագրողները ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ադրբեջանական պատվիրակության հետ ի՞նչ են քննարկել եւ ո՞րն է ադրբեջանական պատվիրակության դիրքորոշումը, նա պատասխանեց, որ Սոցինտերնը ամեն գնով ցանկանում է հասնել համախոհության եւ փորձում է գտնել եւ գտնել շփման եզրեր:
«Մեր հիմնական նպատակը դա է՝ հասնել փոխադարձ հասկացողության եւ ըմբռնման: Դրա համար մենք ունենք շատ լավ հարթակ, այն գաղափարը, որ երկուսս էլ բաժանում ենք սոցիալ-դեմոկրատական արժեհամակարգը, այն, որ պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրների ժողովրդավարության այդ արժեհամակարգի ներդրման միջոցով հասնել արդար լուծման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման: Այս փոխադարձ հանձնառությունը երկու կողմերն էլ ընդունել եւ ստանձնել են, ի նկատի ունեմ մեր կուսակցությունը եւ Ադրբեջանի մեր գործընկերները: Կարծում եմ՝ սա բավարար հիմք է, եթե բացառում ենք պատերազմի միջոցով ուժի գործադրման միջոցով հարցի լուծումը, սա այն ելակետն է, որ մնացած բոլոր խնդիրներին կարողանանք աջակցել եւ լուծումներ գտնել»,-ասաց նա:
Իսկ Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հավելեց. «Խաղաղությունը հնարավոր է, որ ամեն ինչ չէ, բայց առանց խաղաղության ոչինչ հնարավոր չէ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ