Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը գործող 2 օրենքների միջև կարգավորումների համապատասխանություն ապահովելն է

Հունիս 09,2015 18:50

ԱԺում «Հանրաքվեի մասին»  օրենքում փոփոխությունների քննարկումը այսօր բավական բուռն ընթացք ունեցավ՝ անգամ ուղեկցվելով ամբիոնից հնչող փոխադարձ վիրավորանքներով ու մեղադրանքներով: Ինչո՞ւմն է իրականում ընդդիմության այս ակտիվության պատճառը և նպատակը, չէ որ հենց իրենք են օրենսդրական այդ փոփոխությունների նախաձեռնողը, փորձեցինք ճշտել ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանից:

-Այս օրինագծի քննարկումը ցույց տվեց խորհրդարանական ընդդիմության բևեռում տիրող իրական իրավիճակը՝ անհամերաշխ անգամ քաղաքական բարձր նշանակություն ունեցող հարցերում, անհարգալից իրար նկատմամբ, անհանդուրժող որևէ մեկի նկատմամբ՝ անկախ նրանից, թե ինչ դաշնային հարաբերություններ ունեն, անկարող որևէ համատեղ նպատակներ ձևավորել և իրագործել: Պատգամավորների մոտ հաճախ են պատահում իրավիճակներ, երբ խոսակցությունը քննարկվող փաստաթղթի հետ կապ չի ունենում՝ դա լինում է այն դեպքում, երբ փաստաթուղթը կարդացած –ծանոթացած չեն լինում, ու խոսում են ամենի մասին, ինչ հայտնի է թեմայից, կամ այն դեպքում, երբ ձեռնտու է լինում խեղաթյուրել կամ խոսակցությունը այլ կողմ շեղել: «Հանրաքվեի մասին» օրինագծի քննարկումը հենց այդպիսի իրավիճակի» պայծառ» օրինակն էր: Օրինագիծ, որի հիմնական նպատակը գործող 2 օրենքների մեջ կարգավորումների համապատասխանություն ապահովելն էր ընդամենը, ընդ որում՝ հեղինակները կազմակերպել էին համատեղ քննարկումներ առաջարկությունների հեղինակների հետ և փորձեցին հնարավորինս ի մի բերել եղած առաջարկները: Սակայն, ի վերջո, մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քննարկումը ընդհանուր առմամբ զարգացավ այնպես, կարծես դա մեծամասնության հեղինակած նախաձեռնություն էր, այսինքն՝ քաղաքական մեծամասնությունը դարձավ «մեղադրվող» օրինագծի հեղինակների և առաջարկների հեղինակների կողմից համաձայնության կամ ընդհանուր հայտարարի գալու անկարողության մեջ: Նաև հնարավորություն բացվեց, որ «աշխարհի ստեղծումից» մինչ օրս եղած բոլոր պրոբլեմները և թերությունները ջրի երես բերվեն, բարձրաձայնվեն, և որպես թիրախ նորից հանդես գա քաղաքական մեծամասնությունը: Գիտեք, հնարավոր է, որ սա է նաև մեկը պատճառներից , որ հաճախ մեզանում ոչ որակյալ օրենքներ են ընդունվում, որովհետև փոխարենը անդրադառնան կոնկրետ փաստաթղթին և խնդրին, քննարկումը տանում են անփաստարկ մեղադրանքների, չհիմնավորված հայտարարությունների ճանապարհով:

Հնչեց նաև հայտարարություն Արտաշատի և մյուս ՏԻՄ ընտրություններում տեղ գտած թերությունների մասին.

-Այո, լավ օրինակ ասածս հիմնավորելու համար, որովհետև տեղեկատվություն եղավ հենց ընտրության օրը և ընթացքում այն մասին, որ բողոքներ, դիմումներ, դեպքեր չկան, օրենքի խախտման, հայտնի ձևերի, անկարգությունների որևէ օրինակ չի արձանագրվել, այդ մասին խոսում էին և՛ ընտրողները և՛ մասնակիցները, և՛ մասնակից հակառակորդ թիմերի կազմակերպիչները: Այսինքն՝ այս ճանապարհով ստվերել տեղի ունեցած ընտրությունները հնարավոր չէ , ուրեմն պետք է մի այլ բան մտածել: Վիճակագրական տվյալների խեղաթյուրման, բացարձակ կեղծ տեղեկատվության տարածում և Ազգային ժողովի բարձր ամբիոնի և գործընկերների նկատմամբ հարգանքի բացակայություն, որովհետև որ, եթե անգամ ընդունենք, որ լրատվական մարմինը կարող է իրեն թույլ տալ ինչ-ինչ խնդիրներից ելնելով չստուգված կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածել, ապա պատգամավորը պարտավոր է շատ ավելի զգույշ և ուշադրությամբ  վերաբերել իր խոսքում օգտագործվող տվյալներին, փաստերին , ստուգել դրանք հնչեցնելուց առաջ , հատկապես երբ պատրաստվում է դրանց հիման վրա բավական լուրջ  մեղադրանքներ հնչեցնել: Նման դեպքերում վտանգ կա շատ տհաճ վիճակում հայտնվելու , որը և տեղի ունեցավ , երբ իմ գործընկերները ՝ պրն. Շարմազանովը և պրն. Բաղդասարյանը հստակորեն հնչեցրեցին իրական թվերը , որոնք ճշգրտելը, մինչ հնչեցնելը, բոլորովին դժվար չէր:

-Իսկ ինչ կասեք հնչած մեղադրանքների մասով.

-Յուրաքանչյուր հանրաքվե վստահության խնդիր է լուծում և, բնականաբար, ունի կամ «այո» կամ «ոչ» ելք, այսինքն՝ վստահություն կամ անվստահություն, ուստի չարժե խորհրդավոր տոնով ահաբեկել, թե մենք հանրաքվեն կդարձնենք ձեզ անվստահություն հայտնելու օրինակ, դուք ինքներդ ավելի քիչ վստահություն ունեք , քան մենք կարող ենք ունենալ ամենավատ պարագայում: Ի վերջո, տարիներ շարունակ մենք աշխատանք ենք կատարում և բարձրաձայնում ենք ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր կուսակցությունների մասնակցելու , իսկ ավելի ճիշտ՝ չմասնակցելու մասին, որը, ինչպես շատ ճիշտ բնութագրեց մեր ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լավագույն հայելին է և լավագույն ցուցիչը, թե ով ինչքան վստահություն ունի բնակչության մոտ:

Կարծում եմ, որևէ մեկի համար ընդունելի չէ այս մոտեցումը՝ ով տրամաբանական մի բան է ասում, արդեն կեղծարար է հայտարարվում, կամ միջազգային կազմակերպությունների կարծիքները օգտագործվում են ընտրանքային  սկզբունքով՝ երբ իրենց ձեռնտու են, կիրառում են, երբ ձեռնտու չեն՝ մերժում: Մեր ընդդիմադիր գործընկերների այսօր բարձրացրած հարցերի լուծմանը հենց իրենք էլ համաձայն չեն եղել ժամանակին, նույն ցուցակների հրապարակում և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930