Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 1-ից հոսանքը 7 դրամով կթանկանա

Հունիս 09,2015 18:45

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն հաշվարկել եւ որոշել է՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի գինի կբարձրացնի ոչ թե 17 դրամով, այլ՝  6.93 դրամով:  Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգից:

Հանձնաժողովը սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետեւյալ սակագները՝ 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակչության համար` ցերեկային սակագին` 48.78 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ:

110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ, գիշերային սակագին`33.28 դրամ/կՎտժ:

35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ, գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ:

6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտ, գիշերային սակագին` 35.78 դրամ/կՎտժ: Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առեւտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում եւ գործում են. 1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն, 2) ժամը 23.00-ից մինչեւ 07.00-ն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչեւ մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:

Եթե ոչինչ չփոփոխվի, ապա, ինչպես հանձնաժողովի որոշման մեջ է նշված, նոր սակագները կգործեն այս տարվա օգոստոսի 1-ից:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն հանձնաժողովի որոշման մասին ասաց. «Եթե ՀԷՑ-ի շքեղության ու անհիմն ծախսերը չեն ներառել սակագնում, միայն իրենց նշած գործոններն են հաշվարկել՝ փոխարժեքի տատանումն ու սակավաջրությունը, հարց եմ տալիս՝ 10% դոլար-դրամ փոխարժեքը եթե փոփոխվի,  օրինակ՝ ի օգուտ, ի վնաս, ինչպե՞ս է անդրադառնում սակագնի վրա: Հետո՝ 1 սմ տեղումների քանակը՝ եթե եղավ ավելի ջրառատ տարի, կամ պակաս ջրառատ տարի, ինչպե՞ս է ազդում սակագնի վրա: Սա թող մոդելով հրապարակեն, օրինակ ասեն՝ 1%-ի դեպքում 0.2% է սակագնի վրա ազդում, 5%-ի դեպքում՝ այսքան է: Թող այս բոլոր ինֆորմացիան հրապարակեն: Այսինքն` ասեն նորման ո՞րն է, դրանից ավել կամ պակաս է լինում սակավաջրությունն ու ջրառատությունը: Ասում են՝ սակավաջուր տարի է, թող ասեն տեսնենք՝ ինչի՞ համեմատ է սակավաջուր, ի՞նչի համեմատ է եղել սակավաջուր: Եթե այս հարցերի պատասխանը չկա, ինչի՞ մասին է խոսքը, կոնկրետ հաշվարկ չկա:

Ընդհանրապես, բնական մենաշնորհների՝ ջուր, գազ, էլեկետրաէներեգիա, կողմից սակագների վրա ազդող գործոնները պետք է թափանցիկ լինեն, ոչ թե ասեն՝ 5 տարի անփոփոխ է մնալու, հետո Նազարյանը գա խեղճ-խեղճ ասի՝ գիտեք, սակավաջուր տարի է եղել, դրա համար ենք թանկացնում: Թող Նազարյանն ասի՝ նորմայից ցածր սակավաջրությունը 1% է, որը գնի վրա ազդում է այսքան չափով, կոնկրետ թիվ ասեն, կոնկրետ հաշվարկներ ներկայացնեն. սա կլինի հիմնավոր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930