Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքաշինության նախարարը՝ Ախուրյանի կիսատ թողած շինարարության, Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի բնակարանների դեռ չսեփականաշնորհված լինելու մասին

Հունիս 09,2015 18:38

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ժամանել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նախքան Շիրակի մարզպետի առանձնասենյակում խորհրդակցություն սկսելը, նախարարը լրագրողների հետ ճեպազրույց ունեցավ՝ պարզաբանելով Գյումրիում ու առհասարակ Շիրակի մարզում առկա քաղաքաշինական խնդիրները: Իսկ դրանք բազմազան են ՝սկսած երկրաշարժից անօթեւան մնացածների բնակարանային խնդիրներից, վերջացրած նորակառույց Մուշ թաղամասի բնակելի շենքերի սեփականաշնորհմամբ: Նախարարը նախ պարզաբանեց իր այցի նպատակը:

IMG_8115

«Մի քանի տարածքներում ենք եղել եւ այսօր մարզպետարանում խորհրդակցություն ենք անցկացնելու՝ նվիրված ամենահրատապ խնդիրներին: Գիտեք, որ Գյումրիում անցած տարի մոտ 1,5 միլիարդ դրամ բյուջեի վերաբաշխումով մենք ուղղեցինք շուրջ 230 ընտանիքների բնակարանային վկայագրեր ստանալուն, ցուցակում կան մոտավորապես այդքան եւ մոտավորապես այդքան գումար էլ՝ մոտ 1 միլիարդ 400 միլիոն դրամ մենք խոստացել ենք մինչեւ այս տարվա վերջ փոխանցել մարզպետարան, որպեսզի Գյումրի քաղաքում աղետից տուժած ընտանիքիների խնդիրը դրանով լուծվի: Ախուրյանի հետ կապված հարցերն ենք քննարկելու, այնտեղ շինարարությունը կանգնած է. այդ 3 բնակելի շենքերը կան՝ մոտ 104 բնակարաններով եւ կան 33 եւս ընտանիքներ, որոնք պետք է 4-րդ շենքից ստանային: Այդ ընտանիքիները 33-ը, եւս կստանան բնակարանների գնման վկայագրեր, իսկ 3 շենքերին մոտ 1,5 միլիոն դոլար, մոտ 700 միլիոն դրամ եւս անհրաժեշտ կլինի, որպեսզի դրանք ավարտվեն: Ախուրյանի մասով գումարի մի մասն այս տարի կլինի, հնարավոր է, որ ամբողջապես լինի, այսինքն` մենք դեռ որոշ հարցեր ունենք կառավարությունում քննարկելու, բայց որ այդ խնդիրը կլուծենք այս տարի կամ ծայրահեղ դեպքում մինչեւ 2016 թվականը, դա կարող եմ որոշակի ձեզ ասեմ»:

Նախարարը նշեց, որ գյուղական վայրերում անօթեւանության խնդիրը եւս պատրաստվում են լուծել ԲԳՎ ծրագրով, որի գումարները կհատկացնեն 2016 թվականին: Լրագրողները հետաքրքրեցին, թե ինչո՞ւ է Ախուրյանում ձգձգվում շինարարությունը. պետական բյուջեով գումար չի նախատեսվո՞ւմ, թե «Գլենդել հիլզ»-ն ունի ֆինանսական խնդիրներ:

«Դա «Գլենդել հիլզ»-ի գումարների հաշվին պետք է իրականացվի, «Գլենդել հիլզ»-ը ունի Երեւանում ակտիվներ, որոնք կան եւ պետք է այդ ակտիվների վաճառքից գումարը ձեւավորվի: Ամեն ինչ պարզ է , եթե մենք կարողանանք խնդիրը արագ լուծել ակտիվների վաճառքի հետ կապված, ուրեմն կանենք, եթե ոչ` կառավարությունը ինքը կմիջամտի»,- ասաց նախարարը: Վերջինս նաեւ հայտարարեց, որ որոշակի տուգանքների են ենթարկել «Գլենդել Հիլզի»-ին ու այժմ գերադասում են անօթեւանների խնդիրները լուծել ԲԳՎ ծրագրով:

Իսկ ինչո՞ւ է ձգձգվում Մուշ նորակառույց թաղամասի բնակարանների սեփականաշնորհումը եւ ի վերջո ինչպե՞ս պետք է լուծվի միայնակ այն ծերերի բնակարանների հարցը, որոնք նախքան սեփականաշնորհումը մահացել են, մի՞թե այդ բնակարանները պետք է մնան պետությանը: Նախարարն այս խնդիրի հետ կապված ասաց. «Մենք բավական մեծ գերատեսչական հանձնաժողով ստեղծեցինք վերջին ամիսների ընթացքում, օրացուցային գրաֆիկ պատրաստվեց, ասեմ, որ զուտ փաստաթղթային բավական բարդ պրոցես է: Այդ բոլոր փաստաթղթերն արվեց, այս պահին մենք ասել էինք, որ հունիսի մեկից կսկսվի սեփականշնորհման պրոցեսը: Ես կարող եմ ասել, որ այդ պրոցեսն արդեն սկսված է , այս պահի վիճակում մենք արդեն 14 պայմանագիր ենք ներկայացրել, որից 7-ն են բնակիչները դեռ եկել, կնքել, բայց պրոցեսը սկսվել է,  38 շենքերից 37-ն ամբողջությամբ ստացել են վկայականներ, 38-րդ շուտով կստանա, այնտեղ փոքրիկ հողի խնդիր կա: 37-ից երկու շենքերը ամբողջությամբ՝ ըստ բնակիչների, բնակարանների վկայագրերը ստացված են, դա մոտավորապես կազմում է  132 բնակարանների վկայագրեր»:

Նախարարը նաեւ ասաց, որ միայնակները, որոնք բնակարան են ստացել 2012 թվականից, սակայն մինչեւ սեփականաշնորհումը մահացել են, օրենքը կգործի բնակչի օգտին, ժառանգության իրավունք կտրվի նրա սերունդներին: Նախարարը նաեւ խոսեց վթարային շենքերի մասին ՝ասելով, որ ամբողջ հանրապետությունում 450-ից ավելի 3-րդ կարգի վթարային շենքեր կան, որոնք մոտ հաշվարկեներով ավելի քան 1 միլիարդ դոլար է անհրաժեշտ այդ շենքերի խնդիրը լուծելու համար: Ըստ նախարարի, քանի որ ամեն վայրկյան կարող են խնդիրներ առաջանալ, իրենք մտածում են նոր տեխնոլոգիաներով ավելի արագ, ավելի էժան ձեւով, նախարարի բառերով ասած՝ ոչ տրադիցիոն լուծում տալու մասին:

Մանրամասները քիչ անց տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930