Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին:
«Իշխանությունը հայտարարում է, որ մինչեւ հուլիսի 15-ը կլուծի «Նաիրիտի» աշխատավարձերի գծով պարտքի հարցը: Իհարկե, շատ լավ է, որ այդ հարցը լուծվում է, եւ հարցի լուծման շնորհքը պատկանում է հենց նաիրիտցիներին, ովքեր համառ պայքարեցին իրենց իրավունքների համար: Սակայն չմոռանանք, որ իրենց լուծմանն են սպասում եւս երկու առանցքային խնդիր: Մեկը՝ «Նաիրիտում» տեղի ունեցած չարաշահումների եւ տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող թալանի հեղինակներին պատասխանատվության կանչելն է: Երկրորդը վերաբերում է միգուցե ավելի կարեւոր խնդրի, որը կապված է քիմիական արդյունաբերության ապագայի՝ «Նաիրիտի» վերագործարկման խնդրին: Իմ ձեռքում է գտնվում մի փաստաթուղթ, որն առայժմ գաղտնի է պահվում իշխանությունների կողմից, այն է՝ իշխանությունների պատվերով Համաշխարհային բանկի կողմից անցկացված ուսումնասիրությունը, որի համաձայն՝ «Նաիրիտի» գործարկումը աննպատակահարմար է, եւ այն պետք է լուծարվի:
Այս ամբիոնից ցանկանում եմ հայտարարել, որ իմ տրամադրության տակ են գտնվում երկու նմանատիպ կարեւոր փաստաթուղթ եւս, մեկը՝ նույն հարցի ուսումնասիրության համար ռուսական «Իտերայի» կողմից «Ջակոբս» ընկերությանը պատվիրված եզրակացությունն է՝ անցկացված 2011թ., իսկ մյուսն արդեն 2013թ. նույն «Ջակոբսին», բայց արդեն ռուսական «Ռոսնեֆտի» պատվերով կատարված ուսումնասիրությունն է: Երկու փաստաթղթերում էլ միջազգային հեղինակավոր փորձագետները միանշանակ եզրակացրել են, որ կաուչուկի բութադիենային արտադրությունը ունի մեծ հեռանկար եւ բարձր շահութաբերություն: Վերջին եզրակացությունը, որն արդեն ներկայացված է Համաշխարհային բանկի կողմից 2015թ. ապրիլի 15-ին, նույնպես մատնանշում է «Ջակոբսի» ուսումնասիրությունը, բայց ներկայացնում է ոչ թե այդ ընկերության եզրակացությունը, այլ հենց Համաշխարհային բանկինը: Ես հայտարարում եմ, որ բոլոր այդ փաստաթղթերը գտնվում են իմ տրամադրության տակ, եւ ես առաջարկում եմ անցկացնել Ազգային ժողովի Տնտեսական հանձնաժողովի «Նաիրիտի» ենթահանձնաժողովի նիստ, որում կներկայացնեմ այս բոլոր փաստաթղթերը:
Այն հանգամանքը, որ «Ջակոբս» հեղինակավոր ընկերությունը 2 անգամ արտակարգ դրական եզրակացություն է տվել «Նաիրիտի» գործարկման հեռանկարի վերաբերյալ, մինչդեռ իշխանության պատվերով Համաշխարհային բանկը տվել է տրամագծորեն հակառակ եզրակացություն, որը, ի դեպ, մերժվել է նաեւ այսօր տեղի ունեցած՝ «Նաիրիտի» տեխնիկական խորհրդի նիստում, հուշում է, որ մենք գործ ունենք ինչ-որ մի մեքենայության հետ, որի նպատակն է ապակողմնորոշել Հայաստանի հանրությանը եւ զրկել Հայաստանին քիմիական լուրջ արդյունաբերություն ունենալու որեւէ հեռանկարից: Պարոն Այվազյան, սպասում եմ նիստի կազմակերպմանը»: