Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 13-ին կհանդիպեն Բաքվում, որտեղ, ամենայն հավանականությամբ, կքննարկեն «Թուրքական հոսք» ծրագրի հետ կապված հարցեր: Այս մասին, ըստ Versia.ru, հայտարարել է ՌԴ նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ նախօրեին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի միջեւ, որի ընթացքում քննարկել են համատեղ ծրագրերի, երկկողմ հարաբերությունների զարգացման եւ այլ հարցեր: Ռուսաստանի նախագահն իր թուրք գործընկերոջը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Բացի այդ հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են «Թուրքական հոսք» գազի փոխանցման գծի հետ կապված հարցեր: Պուտինը եւ Էրդողանը համաձայնեցրել են, որ ժամանակ ունենալու դեպքում, հանդիպման ընթացքում ավելի մանրամասն կքննարկեն տվյալ հարցը: Ռուսական կողմը հույս ունի, որ Բաքվի սպորտային միջոցառումների ընթացքում նախագահները կկարողանան հանդիպել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններում լարվածություն է նկատվել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին եկավ Հայաստան, մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին եւ իր ելույթում մի քանի անգամ կրկնեց ցեղասպանություն բառը: Անկարան Ռուսաստանին խիստ քննադատել է այս առնչությամբ եւ նույնիսկ սպառնացել է դիվանագիտական հարաբերությունների խզմամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ