Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ իր հասցեին արված «խրոնիկ ռեկտորի պաշտոնակատար» արտահայտությունը Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն ասաց. «Ռեկտոր ընտրում է հոգաբարձուների խորհուրդը, որի ձեւավորման համար պետք է ձեւավորվի գիտական խորհուրդ եւ գիտական խորհրդի կողմից ներկայացվեն ներկայացուցիչներ ու վարչապետը հաստատեր: Գիտական խորհուրդը պետք է հաստատվեր եռամսյա ժամկետում, Պոլիտեխնիկը ՊՈԱԿ-ից դարձել է հիմնադրամ նոյեմբեր ամսին, կառավարության որոշումը ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին, գրանցվել է պետական ռեգիստրում հունվարի 24-ին, դրանից երեք ամիս հետո նոր ներկայացվում են կանոնադրության ժամանակացույցի առաջարկներ: Այնպես որ այս ընթացքում ընտրությունների չկայանալը կապված է օրենսդրական խնդիրների հետ եւ ոչ թե կադրային քաղաքականության»:
ԿԳ նախարարի մատնանշած՝ Պոլիտեխնիկում իրավունքների ոտնահարելու հետ կապված էլ Թոքմաջյանը նշեց. «Մարդկանց իրավունքների հետ կապված՝ համալսարանի աշխատակիցների շրջանում հատուկենտ դեպքեր կան՝ Վլադիմիր Խոյեցյան, Վահե Կիրակոսյան եւ Աշոտ Խաչատրյան: Նրանք դիմել են դատարան եւ հաջողությամբ պարտվելով գնում են, ընդ որում Աշոտ Խաչատրյանը չի հեռացվել, նա պրոռեկտորի պաշտոնից է դուրս եկել, պրոռեկտորի պաշտոնի կրճատման հարցի շուրջ աղմուկ էր բարձրացրել, թե խախտում է եղել, սակայն կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով ապացուցվում է, որ գիտական խորհուրդը գործել է լիազորությունների սահմաններում: Վլադիմիր Խոյեցյանի հայցն էլ մերժվել է առաջին ատյանի դատարանում՝ անհիմն լինելու պատճառով:
Այնպես որ, Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրություններից առաջ ապրիորի դատողություն անելը այսպիսի աշխատանքային օրենսդրական հարցերի մասին, քաղաքական հայտարարություններ անելը, թե ինչ-որ մեկի իրավունքը ոտնահարված է, երբ գործերը գտնվում են դատական ատյաններում, իսկ մի մասը արդեն ստացել է վճիռ, որ օրինականության ոչ մի խախտում չի կատարվել, ես գնահատում եմ որպես ուղղակի միջամտություն՝ օբյեկտիվ, ազատ ընտրություն կատարելու հարցում:
Այո, նախարարի ձայնը կարեւոր ձայն է, բայց այն ընդամենը 32-ից մեկն է, եւ եթե ինքը գտնում է, որ Թոքմաջյանը, կամ մեկ այլ թեկնածու արժանի չէ ընտրության, կարող է ձայն չտալ, բայց ընտրություններից առաջ հայտարարություններ անելը, թե պետք է արժանապատիվ հեռանալ՝ կարող է ընտրողների համար կողմնորոշիչ «մեսիջ» լինել: Դա ընտրությունների համատեքստում ընդունված ձեւ է, բայց գեղեցիկ ձեւ չէ՝ լիազորված պետական մարմնի ղեկավարի համար, մանավանդ, եթե ինքը վստահ է, որ իր համախոհներն այնքան են, որ իրենց քվեարկությամբ կարող են այնպես անել, որ հաղթի մյուս թեկնածուն:
Կարդացեք նաև
Եթե նախարարը վստահ է, որ այդ ձայները բավարար են, որ իր կարծիքը հաստատվի, ապա ինչի՞ համար է այս ամբողջ աղմուկը, թող 11 օր սպասի, եւ 11 օր հետո այդ ձայները «դեմ» կքվեարկեն Թոքմաջյանին, կունենան նոր ռեկտոր: Ինչի՞ է պետք շիկացնել իրավիճակը՝ այս հարցի վերաբերյալ»: Ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը համոզված է, որ իր կողմնակիցների ձայներն ավելին են, քան Ոստանիկ Մարուխյանի ձայները, ու հունիսի 20-ի ընտրությունները կտան այս ամենի պատասխանը: «Կքվեարկեն Մարուխյանի օգտին, Թոքմաջյանը արժանապատիվ կհեռանա, եւ Ոստանիկ Մարուխյանը կկարողանա եւս 5 տարի համալսարանը տանել այնտեղ, որտեղ տարել է ժամանակին: Ինչ վերաբերում է այս աժիոտաժին, կարծում եմ, որ ամբողջ աղմուկը հոգաբարձուների խորհրդի թույլ նյարդեր ունեցող մարդկանց վրա ազդելու համար է: Ասելով, որ Մարուխյանին չի պաշտպանում, նախարարը փաստում է, որ քաղաքական որոշում հարցի վերաբերյալ չկա եւ այդպիսով խորհրդի յուրաքանչյուր անդամ ազատ է իր դիրքորոշումների մեջ»,- կարծում է Հովհաննես Թոքմաջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ