Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչին նվիրված խորհրդակցություն Ստեփանակերտում

Հունիս 09,2015 17:21

Հունիսի 9-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփմանը և ընթացիկ տարվա ամառային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել 2014թ. ձմեռային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է ամառային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին հավաստիացրել է, որ ամառային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում` այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը իրականացնելու համար:

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ձմեռային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները` ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել նաև զորամասերում և ստորաբաժանումներում` նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող նախապատրաստական գործընթացների ընդհանուր վիճակը:

Զեկույցներից և ելույթներից հետո հրապարակվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի “2014թ. ձմեռային զորակոչի արդյունքների մասին” հրամանը, համաձայն որի ձմեռային զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:

Խորհրդակցությունն ավարտվել է բանակի հրամանատարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրել է նախատեսվող գործընթացների ճիշտ ու անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

 

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930