Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսներն ընդունել են իրենց սխալները՝ հակահայկական հայտարարությունների հետ կապված

Հունիս 09,2015 17:16

ՀՀ ԱԺ-ի պատվիրակության անդամները մասնակցել են Յակուտսկում կայացած 26-րդ նիստին:

Այսօր հրավիրած ասուլիսում այցելության մանրամասները ներկայացնելիս պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ շատ բաց քննարկում են ունեցել ռուս գործընկերների հետ՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին: Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ քննարկել են բազմաթիվ հարցեր՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի խոսքերով՝ «Սա բացառիկ հնարավորություն էր՝ այցելելու հյուսիսում գտնվող մեր ռուս գործընկերներին: Առավելապես տպավորված ենք, որ այդ հեռավոր մասում գտնվող հայ համայնքը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ պատմեց, թե ինչպես են շնորհակալություն հայտնել ռուսներին, որ ամենաբարձր մակարդակով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին իրենք ներկայությունն են ապահովել՝ Պուտինի գլխավորությամբ. «Շնորհակալություն հայտնեցինք, որ այդ պահին Ռուսաստանը եղավ հայ ժողովրդի կողքին»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում ասել են, որ դրսեւորումների մեջ չպետք է լինեն այնպիսի ձեւակերպումներ, որոնք կարող են վատ անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Գիտեք, որ երբեմն հատկապես արվում են հայտարարություններ, որոնք ինչ-որ տեղ վիրավորական են մեզ համար: Նրանք ընդունեցին, հիմա այդ չափով չի դա, ինչ առաջ: Դրանք չեն նպաստում հարաբերությունների զարգացմանը»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ երբեմն ռուս պաշտոնյաներն այնպիսի հայտարարություն են անում, որոնք մեծ աղմուկ է բարձրացնում այստեղ, որովհետեւ վիրավորում են մեր ազգային արժանապատվությունը, ի՞նչ է ասվել հայ պատգամավորների կողմից եւ ինչ պատասխան եք ստացել, ասել եք՝ մեզ այլեւս մի՞ վերաբերվեք՝ ինչպես վասալի:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Մի քիչ գեղեցիկ չի լինի ասել, թե ինչ ենք ասել: Բայց բոլոր դեպքերում պատվիրակությունն առանձնացել է նրանով, որ թեմաները միասնական էին, պետության հետ առնչվող հարցեր էին քննարկվում: Ռազմական բազայի հետ կապված նույնպես ասել էինք: Իրենք ընդունել են իրենց սխալները: Կան մարդիկ, որոնք, լինելու դումայում, իրենց անձնական կարծիքն ասում են: Դա միասնական կարծիք չի»: Առաջ այդ արտահայտություններն ու կեցվածքներն ավելի շատ էին, քան հիմա»:

Հերմինե Նաղդալյանի խոսքերով՝ «Երբեմն թեկուզ քաղաքական կամ պաշտոնական որեւէ շրջանակում ներկայացված առանձին անհատի կարծիքը նույնացվում է պետության պաշտոնական կարծիքի հետ: Եվ դա ճիշտ չի, որովհետեւ պետական պաշտոնական մակարդակում մենք նման երեւույթների չենք հանդիպում»:

ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը նշեց, որ բարձրացրել են Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված հարցը:

Մեր հարցին՝ ինչո՞ւ եք Ադրբեջանին ՌԴ-ի վաճառած զենքի հարցը բարձրացրել, երբ ՀՀԿ պատգամավորները արդարացնում են այդ փաստը՝ ասելով, որ բիզնես գործարք է եւ ոչ մի խնդիր չկա այդտեղ: Եթե սովորական բիզնես է եւ մտահոգվելու տեղիք չկա, ինչո՞ւ եք այդ հարցը բարձրացրել: Լեւոն Մարտիրոսյանի փոխարեն հարցին պատասխանեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ այդ հարցն ինքն է բարձրացրել. «Ինձ չի բավարարել նաեւ այստեղ Պետդումայի նախագահ Նարիշկինի պատասխանն իմ այդ հարցին: Պետդումայում մենք ունեցել ենք բաց, ազատ քննարկում: Չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի դետալային մանրամասներ ներկայացնել, թե ինչ ենք խոսել եւ իրենք ինչ են պատասխանել: Վստահաբար կարող եմ ասել, որ համենայնդեպս այն բարձրաստիճան պաշտոնյաները, ում հետ մենք հանդիպեցինք, կիսում էին մեր մտահոգությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930