Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի նախագիծը. Նշված փաստերը վկայում են բռնությամբ տեղի ունեցած հանցագործությունների նկատմամբ վերահսկողության բացակայության մասին:

Հունիս 09,2015 17:05

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ հունիսի 9-ին, շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում շարունակական բնույթ կրող հանցագործությունների անպատժելիության մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ        

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ԿՐՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների, նրանց մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործություններին, ինչպես նաև այլ անձանց կողմից կատարված հանցագործություններին պատշաճ կերպով չանդրադառնալը և համապատասխան ընթացք չտալը Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում շարունակում է կրել համակարգային բնույթ:

Այսպես՝

-2008 թվականի մարտի 1-ին՝ նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում, իրավապահների կողմից ուժի ոչ իրավաչափ կիրառումը հանգեցրեց զանգվածային ձերբակալությունների և կալանավորումների։

Տաս քաղաքացիներ զոհվեցին և մոտ երկու հարյուր մարդ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ ստացան։ Զոհված քաղաքացիական անձանցից 7-ը մահացել են հրազենային վիրավորման հետևանքով, ընդ որում` 3 անձ զոհվել է «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներից վիրավորվելու հետևանքով, որն օգտագործվել է, միանշանակ, միայն իրավապահ մարմինների կողմից: Սակայն այսօր՝ այդ դեպքերից 7 տարի անց, այդ անձանց մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել և չի դատապարտվել:

-2012 թվականի հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվել:

-2013 թվականի ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի առջև, օրը ցերեկով սպանվեց Պռոշյան գյուղի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Շուրջ 8 ամիս անազատության մեջ մնալուց հետո Ա. Պետրոսյանը ազատ է արձակվել, իսկ սպանության գործը մինչ օրս շարունակում է մնալ չբացահայտված:

-2013 թվականի հունիսի 1-ին՝ ուշ երեկոյան, Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Փաստի առթիվ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը: Նրանց մեղադրանք առաջադրվեց սպանության համար, սակայն տեղի ունեցածից մոտ երեք ամիս անց ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշմամբ Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանն ազատ արձակվեցին և նրանց նկատմամբ դադարեցվեց քրեական հետապնդումը: Փոխարենը՝ մեղադրանք առաջադրվեց Արտակ Բուդաղյանին, ով, ըստ նախաքննական մարմնի, «սպանության սպառնալիքներ» է հնչեցրել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Այսպիսով՝ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը կատարեցին սպանություն, սակայն պատասխանատվության չենթարկվեցին և չդատապարտվեցին:

-2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչեցված կրակոցների գլխավոր հերոսներից է եղել Ազգային Ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը: Կրակոցների հետևանքով եղել են վիրավորներ, սակայն, մինչ օրս, տվյալ միջադեպի համար դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

-2014 թվականի հուլիսի 13-ին իր տան հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակում կնոջ, դստեր և հարևանների ներկայությամբ մի խումբ անձինք դաժանաբար ծեծի ենթարկեցին ազատամարտիկ Վարդան Թումանյանին, ինչից հետո՝ երկու օր անց վերջինս հիվանդանոցում մահացավ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը՝ «Ջունգլը», Վիկտոր Հովսեփյանի հետ միասին ծեծի են ենթարկել Վարդան Թումանյանին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով, որը հանգեցրել է մահվան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

-2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանություն: Սպանության գործով կասկածյալ է համարվել Վալերի Պերմյակովը, ով Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի զինծառայող էր: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ղեկավարությունը, շրջանցելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը, շարունակում է ապօրինի գործունեությունը՝ չփոխանցելով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

-2015 թվականի մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ»-ում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի գլխավոր հերոսն է եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Կռվի արդյունքում երկու եղբայրներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսը՝ կորցրել է աչքը, սակայն, մինչ օրս, ոչ Տիգրան Խաչատրյանի և ոչ այլ անձանց նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

-Առավել մտահոգիչ է տարիներ շարունակ ՀՀ զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած և մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների քրեական գործերի ոչ արդյունավետ քննությունը:

-ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառումը բողոքի խաղաղ մասնակիցների նկատմամբ շարունակում է մնալ անպատիժ:

Վերը թվարկված հանցագործությունները սպառիչ չեն:

Բռնությամբ կատարված բազմաթիվ այլ հանցագործությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից արդյունավետ քննության բացակայությունը, որը չի արժանացել լայն հանրության ուշադրությանը, նույնպես պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի:

Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազության և իրավապահ մարմինների գործունեությունը դրական զարգացում չի արձանագրել: Ակնհայտ քրեական հատկանիշներ պարունակող նյութերին քրեաիրավական ընթացք չի տրվել և քրեական հետապնդում չի իրականացվել:

Նշված փաստերը վկայում են բռնությամբ տեղի ունեցած հանցագործությունների նկատմամբ պետական կառույցների արդյունավետ վերահսկողության բացակայության մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝

Գնահատում ենք՝ ՀՀ Գլխավոր դատախազի և իրավապահ մարմինների ղեկավարների կողմից պարտականությունների կատարումից խուսափելը որպես պետական ծառայության նկատմամբ անգործության դրսևորում, որի նպատակն է՝ Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների պետական դավաճանության և ծանր հանցագործությունների կատարման համար հովանավորչությունը։

Դատապարտում ենք՝ ՀՀ դատական իշխանության անգործությունը՝ արդարադատություն իրականացնելու պարտականությունից խուսափելը:

ՀՀ դատարաններին կոչ ենք անում՝ անհապաղ իրականացնել արդարադատություն և պատժել մեղավորներին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ազատ ընտրությունների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ մարզպետների նշանակումը գործադիր իշխանության կողմից պետք է առավելագույնս հիմնավորված լինի ճիշտ ընտրությամբ, արդարացիությամբ, մարդասիրությամբ, բնակչության վստահության բարձր աստիճանով, ինչպես նաև, որպես պաշտոնատար անձ՝ օրինապահ, կիրթ, գրագետ և պարկեշտ անձի ընտրությամբ:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (ով առավելապես հայտնի է Լիսկա մականվամբ և որի առանձնատան հարակից տարածքում տեղի ունեցած սպանությունը գալիս է լրացնելու Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների քրեական անցյալն ու ներկան) վերանշանակումը հասարակության լայն զանգվածների կողմից անվիճարկելիորեն գնահատվել է որպես վիրավորանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որպես անպատժելիության համատարած մթնոլորտի ևս մեկ ցայտուն դրսևորում:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

09 հունիսի 2015թ.

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930