Հունիսի 9-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական խորհրդում քննարկվել է Համաշխարհային Բանկի կողմից ներկայացված նախնական հաշվետվությունը՝ «Նաիրիտի» հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը դիմել էր ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: ՀԲ-ն «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության մասնագետների միջոցով իրականացրել է ֆինանսատնտեսական աուդիտ, որի նախնական եզրակացությունն արդեն ներկայացված է ՀՀ կառավարություն և գործարանի ղեկավարությանը։
ՀԲ-ի հաշվետվության քննարկմանը մասնակցել են ինչպես «Նաիրիտի» արտադրատեխնիկական խորհրդի անդամները, այնպես էլ՝ կառավարման խորհրդի ու նախարարության ներկայացուցիչները։
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է գործարանի հետագա շահագործման վերաբերյալ ՀԲ-ի եզրակացությունը, որտեղ նշված է, որ գործարանը չի աշխատել 2010 թվականից ի վեր, և նրա մասնավոր սեփականատերը լքել է այն։ Այսօրվա դրությամբ գործարանի պարտավորությունները գերազանցում է 121 մլրդ դրամը /250մլն ԱՄՆդոլար/, որի մեջ մտնում է ԱՊՀ Միջպետական բանկի չմարված վարկը։ Այդ ժամանակահատվածում գործարանը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին։ Երևանի ՋԷԿ-ի նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դրամ /48 մլն ԱՄՆ դոլար/։ Ավելի կրեդիտորական պարքերի կուտակումը շարունակվում է նաև այսօր: ՀԲ մասնագետները եզրակացության մեջ նշում են, որ եթե ստեղծված վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա՝ տարեկան շուրջ 3 մլրդ դրամի չափով աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար։
Կարդացեք նաև
ՀԲ հաշվետվության մեջ նշված է, որ գործարանի վերագործարկման համար կպահանջվի 210-346 մլն. ԱՄՆ դոլար: Նշված է նաև, որ «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող գինը, ինչը գործարանը դարձնում է ոչ մրցունակ։
ՀԲ աուդիտորներ ուսումնասիրել և եզրակացրել են, որ թե բութադիենի, թե ացետիլենի վրա հիմնված արտադրական գործընթացների պայմաններում «Նաիրիտը» կունենա արտադրության ամենաբարձր ինքնարժեքներից մեկը՝ միջազգային շուկայում: ՀԲ մասնագետները մատնանշել են նաև գործարանի հիմնական միջոցների զգալի մասի նշանակալի մաշվածությունը:
Դրանից բացի ՀԲ աուդիտորների կարծիքով՝ «Նաիրիտը» ֆինանսապես կենսունակ դարձնելու համար կպահանջվի ծախսերի անիրատեսական կրճատում կամ պոլիքլորոպրենային կաուչուկի գնի բարձրացում։ Դրա արդյունքում «Նաիրիտը» ի վիճակի չի լինի մրցել եվրոպական, ասիական և այլ շուկաներում՝ արտադրության բարձր ինքնարժեքի ու շուկաներից հեռավորության պատճառով։ ՀԲ մասնագետների գնահատմամբ Նաիրիտի գործարկման նախագծում կատարված կապիտալ ներդրումները հետ կգնվեն միայն 30-35 տարվա ընթացքում /ցածր հատույցների պատճառով/ , ինչ գրավիչ չէ ներդրողների համար:
«Նաիրիտը» չի կարող մրցունակ լինել, ուստի գործարանի հետագա հետ շահագործումը տնտեսապես շահավետ չէ։
Քննարկմանը մասնակցող նաիրիտցիները համաձայն չէին ՀԲ-ի նախնական եզրակացության հետ, և նշել են, որ գործարանը կարելի է վերագործարկել 4 անգամ քիչ ներդրումներով, և իրենք էլ ունեն հիմնավորումներ, որ «Նաիրիտը» կորող է տալ մրցունակ արտադրանք:
Ինչևէ, ՀԲ մասնագետները ներկայացրել են իրենց կարծիքն ու եզրակացությունը, սակայն «Նաիրիտի» ճակատագրի վերաբերյալ որոշում կայացնողը, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունն է։
ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին