ՀՀ ԱԺ-ում այսօր ևս արծարծվեց Իշխան Զաքարյանի անհետացման հարցը: Երբ Վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ՎՊ-ի եզրակացությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հղում կատարելով օրենսդրությանը, նշեց, որ ՎՊ նախագահին կարող է փոխարինել տեղակալը` նրա բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում: Եթե ՎՊ նախագահի պաշտոնը թափուր է, ապա նրա պարտականությունը կատարում է խորհրդի` տարիքով անդամը:
Լևոն Զուրաբյանը հարց տվեց` ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին` պաշտոնական պարտականությունները չկատարելու անհնարինության հանգամանքը պարզվա՞ծ է, թե` ոչ: Լևոն Զուրաբյանը փաստեց, որ ոչ այս մասին, ոչ էլ Իշխան Զաքարյանի` պաշտոնի թափուր լինելու մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Ուստի եթե այս հանգամանքներից որևէ մեկը հաստատված չէ, պարոն Զուրաբյանը հարց է բարձրացնում` ինչո՞ւ է խախտվում օրենքի պահանջը և Իշխան Զաքարյանն այստեղ ներկա չէ:
Դիմելով ԱԺ ղեկավարությանը` պարոն Զուրաբյանն ասաց. «Գուցե միջոցնե՞ր եք ձեռնարկել Իշխան Զաքարյանին բերել ԱԺ, բայց չի ստացվել: Հանրությանը տեղեկացրեք, որ հասկանանք Իշխան Զաքարյանի անհետացման առեղծվածը»:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ցանկալի կլիներ, որ երբեմն-երբեմն Դուք էլ աշխատեիք հանդիպել Իշխան Զաքարյանին: Իսկ այս պարագայում խոսքը ոչ թե Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին է, այլ նրա տեսակետի մասին` բյուջեի հաշվետվության վերաբերյալ: Այնպես որ, Ձեր հարցը ճիշտ կլիներ այդ պարագայում»:
Կարդացեք նաև
Շարունակելով` Գալուստ Սահակյանը նշեց, թե եթե այդքան ուզում են Իշխան Զաքարյանին հարցեր հղել, մի որևէ առիթով ինքը կհրավիրի նրան:
Գալուստ Սահակյանը հավաստիացրեց, որ Իշխան Զաքարյանը Երևանում է, իր աշխատավայրում: Երեկ էլ եկել էր իր մոտ խորհրդակցության:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ