Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի կենդանաբանական այգում բացվել է Հայաստանում ներառական առաջին խաղահրապարակը

Հունիս 09,2015 15:55

Երևանի քաղաքապետարանը 2013թ. մեկնարկեց Երևանի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագիրը, որով նախատեսվում էր արմատապես փոխել ինչպես այգու միջավայրը, այնպես էլ կենդանիների պահման և խնամքի պայմանները: Ծրագրի առաջին փուլի շրջանակում այգում շուրջ 1 մլրդ դրամի շինարարական և դիզայներական աշխատանքներ իրականացվեցին և 2015թ. հունիսի 1-ին այն իր հերթական տարեշրջանը սկսեց անճանաչելիորեն վերափոխված: Ծրագրի մեկնարկին զուգահեռ տարբեր կառույցներ, այդ թվում նաև բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպություններ, հանդես եկան ծրագրում իրենց մասնակցությունն ունենալու առաջարկությամբ: Մասնավորապես Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկեց այգում նախատեսվող խաղահրապարակի կառուցման շրջանակում ունենալ նաև ներառական խաղահրապարակ: Առաջարկն արժանացավ Երևանի քաղաքապետի հավանությանն ու նրա հանձնարարությամբ խաղահրապարակի կառուցումը ներառվեց այգու վերակառուցման ծրագրում:

Ըստ այդմ 2014թ. դեկտեմբերից հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված հանրային դրամահավաք-արշավի արդյունքում հավաքագրվեցին թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ հիմնադրամի գործընկեր կառույցների կողմից կատարված ներդրումները:

2015թ. ապրիլի 9-ին Մարիոթ հյուրանոցում անցկացվեց բարեգործական երեկոն, որին մասնակցեցին մասնավոր և հասարակական կառույցների, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանի, անձայն աճուրդների և ազատ հանգանակությունների արդյունքում հավաքվեց շուրջ տասը միլիոն դրամ, որը երեկոյի ավարտին կրկնապատկեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Նախագծի իրականացմանն իրենց աջակցությունն են բերել նաև Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ ընկերությունը, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության աշխատակազմը, Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու աշխատակազմը, Հայ-բրիտանական գործընկերության պալատը, անհատներ և կազմակերպություններ:

Խաղահրապարակի կառուցման ընթացքում օգտակար և անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել «Ունիսոն», «Հույսի կամուրջ», «Հայ մայրեր», «Փրկություն» ՀԿ-ները, Մանկական զարգացման հիմնադրամը, «Աուտիզմ» ազգային հիմնադրամը:

Ծրագրի արդյունքում կառուցված խաղահրապարակը վստահաբար սոցիալական ինտեգրման մոդելային տարածք կդառնա՝ նման երեխաների նկատմամբ հանրային ընկալման որոշակի կարծրատիպերը փոխելու համար: Ներառական խաղահրապարակն առողջ զարգացման ինքնատիպ հարթակ կդառնա տարբեր կարողություններով երեխաների համար, որտեղ նրանք խաղի և կրթության հավասար հնարավորություններ կունենան:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930