Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ էլեկտրաէներգիան կթանկանա 7 դրամով: Նա ասաց, որ հիմա հաշվարկում են, թե տնտեսության եւ բնակչության վրա ազդեցությունն ինչպես մեղմեն, որ այդ բեռը չզգան. «Հիմա հաշվարկներ են կատարվում համապատասխան նախարարությունների կողմից, կներկայացվի: Ուղղակի թող հանձնաժողովը հաստատի, մենք դրա հետեւանքների մասին բարձրաձայն խոսելու ենք: Մենք լինելու ենք թափանցիկ, շատ բաց, որպեսզի հանրությանը բացատրենք այն, ինչ տեղի է ունենալու: Բոլոր մեր պատկան մարմինները օրենքի կետը պաշտպանելու են, եւ որեւէ խնդիր ես չեմ կարծում, որ լինի: Խոսում են մեքենաների մասին: Որեւէ նման բաղադրիչ չի ընդունվելու»:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, թե տեղյակ չէ եւ չի լսել, որ Երվանդ Զախարյանն ասել է ՀԷՑ-ում գողություն է եղել. «Եթե կա նման բան, ուրեմն պետք է դիմել պատկան մարմիններին»:
Հարցին՝ հնարավո՞ր է ինքը հենց դիմի պատկան մարմիններին՝ վարչապետը պատասխանեց, որ ինքը կոնկրետ որեւէ փաստ չունի, եթե ունենա՝ անպայման կդիմի:
Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց լրագրողներին, որոնք շատ վատատեսորեն էին տրամադրված եւ հարցնում էին, թե ինչպե՞ս է ժողովուրդը դիմակայելու այդ թանկացմանը, երբ տնտեսության վիճակը գնալով վատանում է. «Դուք ինչի՞ եք այդքան վատ տրամադրված: Մենք պետք է այնպես անենք, որ վիճակը գնալով լավանա, եւ մենք այդ գործին ենք լծված: Մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացնելու ենք, եւ դա բերելու է տնտեսության ակտիվացմանը: Իսկ դա կխթանի նաեւ բարեկեցությունը մեր ժողովրդի, ամեն դեպքում մենք կառավարությունով լծված ենք այդ գործընթացներին»:
Կարդացեք նաև
Վարչապետը վստահեցրեց, որ այս տարի տնտեսական աճ է լինելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ