«Քիչ թե շատ մրցակցություն է եղել Աբովյանում, այնտեղ էլ եղել են խախտումներ, իսկ այնտեղ, որտեղ մրցակցություն չկա, խախտումների անհրաժեշտություն էլ չկա»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ՏԻՄ ընտրություններն ամփոփեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, իրենք դիտարկումներ են իրականացրել երկու քաղաքում՝ Ալավերդիում ու Աբովյանում: Ըստ նրա, համայնքներում հիմնականում մրցակցություն չի լինում, դա է պատճառը, որ համայնքներում դիտորդական առաքելություն չեն իրականացրել. «Ամենաշատը գրանցված խախտումները եղել են Աբովյանում, խախտումների տեսակում առաջին տեղը կուտակումներն են եւ ընտրողների փոխադրումը: Եղել են նաեւ ընտրողների ուղղորդում, անձնագրում դրվող կնիքների հետ կապված խախտումներ»:
Արմավիրի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի անդամ Ռազմիկ Սարգսյանն էլ պատմեց, որ դիտորդական առաքելություն են իրականացրել Աբովյանում, այնտեղ քսանվեց տեղամասից աչքի են ընկել հատկապես մի քանի տեղամասերը, որտեղ որոշակի չափով խախտումներ են եղել. «28/8 տեղամասը հայտարարել են բացված 08:15-ին, երբ քաղաքացիները դրսում սպասել են՝ երբ է տեղամասի նախագահը հայտարարելու տեղամասի բացումը: 28/9 տեղամասում նախագահը պարբերաբար հեռախոսային զրույցներ է ունեցել, դիտորդներից մեկը լսել է նրա հեռախոսային զրույցը, բառացի մեջբերում եմ, նա ասել է՝ ոնց նկատում եմ դեմ քվեարկողները շատ են, ինձ թվում է՝ պետք է լցոնում կատարվի, բայց լրագրողներն այնքան շատ են եկել, որ չենք կարող ոչ մի բան, տեսնենք՝ ինչ կլինի»: Նա ասաց, որ հետագայում էլ լցոնում չի եղել, որովհետեւ, ըստ երեւույթին, վերահսկողությունը լավ է արվել:
Այլ տեղամասերում էլ կուտակումներ են արձանագրվել. «Ընտրության էին գալիս իրենց ճամփորդական անձնագրերով, հիմնականում փախստականներն էին շատ, սկզբում չգիտեինք՝ ինչ անել, որովհետեւ միայն ՀՀ անձնագրով կարող են քաղաքացիները ընտրության մասնակցել.:
Կարդացեք նաև
Նա նաեւ պատմեց Աբովյանի քաղաքացիների արձագանքները ընտրություններին. «Շատ քաղաքացիներ կային, որ ասում էին՝ եկել ենք մեր թագավորին ընտրելու, իսկ մարդկանց մի մասն էլ չէր կողմնորոշվել՝ ում ընտրի, քանի որ Աբովյանում, այսպես ասած, ուրվական թեկնածուի մասին էին խոսում, որովհետեւ նույն ազգանուն, անունով երկու թեկնածու կար: Նրանց հնարավոր էր տարբերել միայն ծննդյան ամսաթվով: Քաղաքացիները չէին կողմնորոշվում ինչպես ընտրել: Նույնիսկ վստահված անձինք չէին իմանում ՝որ մեկն է իրենց թեկնածուն»:
Վանաձորի ՀՔԱ-ի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարթինե Գրիգորյանն էլ ներկայացրեց իրենց դիտորդական առաքելության տվյալները, հետեւել են Ալավերդու ընտրություններին. «Հիմնական խախտումները, որոնք արձանագրվել են, տեղամասի տարածքից դուրս բավականին շատ էր ընտրողների տեղափոխությունը, իսկ տեղամասի ներսում բավականին խաղաղ էր, պատրաստակամ հանձնաժողովով, ուղղակի դրսում լավ աշխատած՝ ներսում հանգիստ աշխատում էին»:
Նրա խոսքով, արձանագրվել է պասիվ ընտրություն. «Փորձել են ստուգել ցուցակները, թե ովքեր պետք է մասնակցեին, բայց չեն մասնակցել ու բերման ենթարկել: Արդեն հասել ենք այն աստիճանի, որ քվեարկության բուն գործընթացը լավ մշակված սցենարով լավ ընթանում է, ու ամբողջ աշխատանքը կատարվում է տեղամասից դուրս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ