Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ Պոլիտեխնիկի մասին. «Ֆինիտա լա կոմեդիան կավարտվի 11 օրից»

Հունիս 09,2015 14:22

Պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ տպավորություն է ստացել Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրապարակած տեսանյութից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ ինձ կարելի է պատասխանել այդ տեսանյութերով, որովհետեւ առաջինը կարծում եմ, որ պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլեւ արժանապատիվ հեռանալ: Պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները եւ խնդիրները»:

Նա հավելեց, թե ավելի վաղ էր տեսել այդ տեսանյութը եւ այն իր մոտ որոշ հարցեր է առաջացրել. «Եթե դա ինչ-որ բանի ապացույց է, ապա ինչու դա մեկ տարի տեւող գործի ընթացքում մի քանի ամիս գոյություն ունեցող տեսանյութը չի բերել կոնկրետ արդյունքի, եթե դա ապացույց է, ապա ինչ իրավունքով է որեւէ մի կողմ հրապարակել ընթացող չփակված քրեական գործի հիմքերը: Եվ ամենակարեւոր խնդիրը՝ որտեղի՞ց այդ տեսանյութի կադրերը: Ինձ որպես քաղաքացի հետաքրքրում է իմ անձնական կյանքը, ձեր անձնական կյանքը, ի՞նչ իրավական հղումով է այդ ՍՊԸ-ն կամ կազմակերպությունը տրամադրել տեսանյութն ինչ-որ մեկին: Սա պետք է հասկանալ, մնացածը՝ սկանդալը, սեքս սկանդալը, էական չէ: Եվ երբ մարդը հրավիրում է ասուլիս, որպեսզի հաշվետու լինի իր տարվա կատարած աշխատանքների համար ու էդ ասուլիսի 90 %-ը նվիրում է անձնական արկածներին, դա արդեն բուհի համար վատ է, ապացույցն է այն բանի, որ մի բան այն չէ, որ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային մելոդրամատիկ թրիլլերի»:

Aravot.am-ի դիտարկմանը, եթե տեսանյութում եղածը իրականությանը չի համապատասխանում, ինչ-որ բան խեղաթյուրված է, ինչո՞ւ տեսանյութի հերոսները դատի չեն տալիս Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: «Թող դատի տան, ես ոչ մեկի կողմը չեմ»,-ասաց ԿԳ նախարարը:

Հետաքրքրվեցինք՝ կա՞ քաղաքական որոշում, որ Ոստանիկ Մարուխյանն է ընտրվելու, մանավանդ օրեր առաջ տված հարցազրույցներից մեկում Արմեն Աշոտյանն ասել էր. «Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որն, իհարկե, համահունչ է և համաձայնեցված է նաև ՀՀ կառավարության մոտեցումների հետ»: ԿԳ նախարարն ասաց, որ այդ դրվագն իր մոտ ամենամեծ դրական էմոցիաներն է առաջացնում, երբ փորձում են դաշնակցականացնել Մարուխյանին, որը սատարվում է ԿԳ նախարարության կողմից, որը ՀՀԿ-ական փոխնախագահի ղեկավարությամբ է իրականացնում իր գործունեությունը: «ԿԳ նախարարությունն ունի իր ձայները, դրանք տնօրինում են մարդիկ, որոնք ներկայացնում են մեր նախարարությունը, մեր նախարարությունը կառավարության մաս է»,- ասաց նախարարը:

Նրա ձեւակերպմամբ, «Ֆինիտա լա կոմեդիան» կավարտվի 11 օրից, ու ինքը տեղյակ է որ ճնշումներ են իրականացվում ուսանողների հանդեպ:

Նախարարը նաեւ չմեկնաբանեց իր եւ Թոքմաջյանի հարաբերությունների վատթարանալու պատճառը, չնայած ըստ մամուլի հրապարակումների՝ դրանք սրվել են հայտնի վիրտուալ սկանդալից հետո: Արմեն Աշոտյանն ասաց. «Ինձ որպես նախարարի հետաքրքրում է, բուհի զարգացումը, անցնցում Պոլիտեխնիկը, որտեղ որեւէ մեկը բարձրանալու համար չի փորձի տապալել նախորդների աշխատանքը, որտեղ իրականում կաշխատեն դասախոսներ, որոնց աշխատանքը կախված չի լինի ռեկտորի հետ ունեցած հարաբերություններից, դասախոսներ որոնք վերջին պահին չեն հայտնվի բուհում ու դառնան կառավարման խորհրդի անդամ»:

Նախարարը Թոքմաջյանին «խրոնիկ ռեկտորի պաշտոնակատար« որակեց, բայց նաեւ հավելեց, որ այն բուհերի ռեկտորներն են դարձել պաշտոնակատարներ, որոնք ՊՈԱԿ-ից հիմնադրամ են դարձել:

Խոսք գնաց նաեւ Պոլիտեխնիկում անցանկալիներից ազատվելու մասին: Աշոտյանն ասաց, որ թույլ չի տա, որ որեւէ ուսանողի գլխից մազ պակասի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930