Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանը քննարկում է հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Մի շարք խմբակցություններ առաջարկներ են ներկայացրել, մասնավորապես ընտրացուցակների հրապարակումը, որոնք, սակայն չեն ընդունվել: Որպես պատճառաբանություն իշխանության ներկայացուցիչները վկայակոչում են նաև Վենետիկի հանձնաժողովին՝ նշելով, որ ընտրացուցակների հրապարակումը կարող է մարդու իրավունքների խախտում լինել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այս առիթով վրդովվեց. «Պետք չէ Վենետիկի հանձնաժողովը դարձնել սուրբ կով՝ հղում անել դրան: Որպես ԵԽԽՎ անդամ ես պարբերաբար հանդիպում եմ Վենետիկի հանձնաժողովի անդամներին: Նրանք ունեն որոշ վերապահումներ ընտրացուցակների հետ կապված, բայց եթե մենք հրապարակենք ընտրացուցակները և անցկացնենք ազատ, արդար ընտրություններ, Վենետիկի հանձնաժողովը դա կընդունի: Եթե մենք կայացնենք քաղաքական որոշում, հրապարակենք ընտրական ցուցակները, Վենետիկի հանձնաժողովը և նրա ղեկավարը հաստատ չեն կախվի, դրանում կարող եք միանշանակ վստահ լինել»:
Մյուս առաջարկը վերաբերում էր նրան, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք ուղեկցողով են գալիս ընտրության, ներկայացնեն տեղեկանք հաշմանդամության մասին, որը ևս չի ընդունվել: Այս առիթով տիկին Զոհրաբյանն ասաց. «Ընտրողները, որոնք ընտրական պրոցեսում ընտրական ադրենալինի բարձրանալու ազդեցության տակ տարբեր կարգի հաշմանդամ են դառնում և նրանց ընտրություններին բռնի ուղեկցում են ահասարսուռ տեսքով կամավորները»:
Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե «գոնե ընդունեին, որ իմանայինք՝ այդ մարդիկ իրո՞ք հաշմանդամ են, թե՞ միայն 10-15 րոպեի համար են հաշմանդամ դառնում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ