ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանի դահլիճում հայտարարեց, որ հանրաքվեի փոփոխությունը ընդամենը Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրի բաղկացուցիչ մի մաս է: Լևոն Զուրաբյանը մանրամասնեց. «Սերժ Սարգսյանն ունի լրջագույն խնդիր կապված սահմանադրական արգելքի հետ իր երրորդ ժամկետի, վերընտրման համար: Եվ դրա նպատակով նախաձեռնել է իր թիմակիցների հետ մի սահմանադրական ռեֆորմ, որի ամբողջ իմաստն է անցումը դեպի խորհրդարանական համակարգ, որում Սերժ Սարգսյանը կպահպանի կամ ԱԺ նախագահի պաշտոնը, կամ միգուցե վարչապետի պաշտոնը՝ ինչպես նաև համատեղելով այդ պաշտոնը ՀՀԿ ղեկավարի պաշտոնի հետ, մի խոսքով պահպանելու է իր անձնական իշխանության ռեժիմը»:
Լևոն Զուրաբյանը նկատեց, թե ԱԺ-ն ընդամենը հանրաքվեի կանոնների սահմանման հարցն է քննարկում: Նա հայտարարեց, թե ընդունում են մարտահրավերը ու շեշտեց, թե ասել են՝ հանրաքվեին մասնակցելու են և այն վերածելու են Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հորդորեց ազնիվ խաղալ, հակառակ դեպքում նշանակում է, որ իրենք էլ են ընդունում, որ չունեն ժողովրդի վստահության քվեն:
Պարոն Զուրաբյանին մտահոգում է քարոզչության հարցը, որ եթերով «այո»-ի և «ոչ»-ի քարոզչության անհավասարություն է լինելու: Լեւոն Զուրաբյանը նաև զարմացած է, թե ինչու իրենց առաջարկները չեն ընդունվել. «Չգիտես ինչու հեղինակն ընտրել է մեծամասնության հետ այս հարցը համաձայնեցնելու մարտավարությունը: Առաջակներից ընդունել է միայն այն, ինչ կարողացել է համաձայնեցնել իշխանության հետ: Հարց է ծագում հեղինակն ինչու՞ է (հեղինակը՝ Արծվիկ Մինասյան,-Տ.Հ.) դրան գնացել: Ցավոք, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն դաշնակցել են ոչ միայն այս սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու գործում, այլև այդ «այո»-ն կեղծելու ու ոչ լեգիտիմ հերթական սահմանադրություն ունենալու գործում: Բայց նկատի ունեցեք, որ Դաշնակցությունն ում հետ համագործակցել է այդ ուժերը հետո շատ վատ վախճան են ունեցել»:
Այս ելույթից հետո Գալուստ Աահակյանը հորդորեց. «Թողնենք պրովոկացիան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ