Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծուն գտնելուց հետո ամեն ինչ իմաստավորվում է մեր կյանքում

Հունիս 09,2015 12:23

«Երբ դեռևս աստվածային լույսը չի ծագել մարդու մեջ, չի ճանաչել Տիրոջը, նրա մեջ ամեն տեսակի անհանգստություններ, վախեր, կան` մահվանից, մթությունից, հարազատին կորցնելուց, անորոշությունից… Ողջ հոգով Տիրոջը փնտրելուց ու Նրան գտնելուց հետո վերանում է այս ամենը, Տերը տալիս է բոլոր հարցերի պատասխանները»:

Տ. Միքայել վրդ. Գևորգյան

 

«Պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող էի, երբ մոտ 40 հոգանոց խմբով 10 օր քայլելով Էջմիածնից ոտքով Տաթև եկանք: Այդ օրվանից Տաթևը մի ուրիշ տեղ գրավեց իմ կյանքում, անկրկնելի խորհուրդ ունեցավ»: Համալսարանն ավարտելուց և հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց հետո Արմանը (Հայր Միքայելն) ընդունվում է Գևորգյան հոգևոր ճեմարան: Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողը սկսեց հետաքրքրվել եկեղեցական կյանքով, Հայր Սուրբը պատասխանում է. «Կարծում եմ`ճշգրիտ գիտությունները շատ մոտ են աստվածաբանությանը. բոլոր ֆիզիկոսները, մաթեմատիկոսները խորը քննելիս կտեսնեն, որ այս ողջ արարչությունը կատարյալ ներդաշնակությամբ է հաստատված, Աստծո կողմից, և ով անկեղծ սրտով փնտրում է, հենց ճշգրիտ գիտությունների միջոցով էլ կկարողանա ճանաչել Տիրոջը»:

«2007թ., երբ օծվեցի կուսակրոն հոգևորական, 40-օրյա ապաշխարության շրջանում մշտապես խորհրդածում էի, աղոթում, փնտրում, թե որտեղ կարող եմ իմ ծառայությունը բերել: Շատ էի փափագում վանքում, աղոթքի կյանքով ապրել, և այդ օրերի ընթացքում միշտ Տաթևն էր իմ առջև հառնում, սիրտս ջերմացնում: Աստվածային նախախնամությամբ նշանակվեցի հենց Տաթևի վանքում»:

Ekexeci_1 ekexeci-6 ekexeci-4 ekexeci-2

Սկզբնական շրջանում Տաթևում մնալու պայմաններ չկային: Հայր Սուրբն ու Սամվել սարկավագը (Տեր Խաչերը) Տաթև գյուղում էին գիշերում, մինչ մի քանի սենյակներ կնորոգեին, որպեսզի վանքում ապրել կարողանան: «Առաջին ամիսներին հիմնականում շինարարությամբ էինք զբաղված, բայց դրա մեջ մեծ ուրախություն, սեր կար, և, ամենակարևորը, աղոթք, որ Հայր Սուրբը դրել էր ամեն ինչում»,-պատմում է Տեր Խաչեր քահանա Հարությունյանը: Այդ շրջանում Տաթև գնալիս կարելի էր տեսնել շինարարների հետ հավասարապես աշխատող հոգևորականներին: «Մեծ էր աղ օրհնելու եկած գյուղացիներից մեկի զարմանքը, երբ մի տանիքից մյուսը հող տեղափոխող աշխատանքային հագուստով մեկը ձայնեց, որ շուտով կիջնի, կփոխի հագուստն ու կօրհնի…»:

Գյուղացիներն, ովքեր սկզբում կարծում էին, թե գյուղ եկած «խենթ» երիտասարդները մի քանի ամիս հետո կձանձրանան ու կփախչեն, շուտով ծանոթանում ու մտերմանում են հոգևորականների հետ: «Երբ երեխաները սկսեցին գալ երգչախումբ, խորան բարձրանալ, արդեն կապ հաստատվեց իրենց ծնողների հետ, տնօրհնեքների գնացինք, աստիճանաբար վերացավ սառնությունը»,-պատմում է Տեր Հայրը: Գյուղացիներից շատերը, ովքեր հեռու էին հոգևոր կյանքից, այժմ եկեղեցի են գալիս, մկրտվել են: Հայր Սուրբն ու Տեր Խաչերը նաև այցելում էին հարևան գյուղեր, կիրակնօրյա դասեր կազմակերպում: Հայր Միքայելն ասում է, որ հովվական առաքելության նախապայմանը սերն է առ Աստված և իր հոտը: «Հոգևորականը պետք է հանձն առնի Քրիստոսի նման իր անձը զոհաբերելու հանուն հոտի փրկության: Քրիստոս ասում է. «Չկա ավելի մեջ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13): Այսինքն`եթե ուզում ենք ճշմարիտ սեր ունենալ, պետք է նախևառաջ զոհաբերության հոգի ձեռք բերենք»:

Տաթևն առանձնահատուկ մի շնորհ ունի`խաղաղությունը: Ինչպես նշում է Հայր Սուրբը` այստեղ այնքան շատ է խաղաղությունը, որ ինքչան էլ ցանկանաս խլել, խաթարել այն, չի ստացվի: Տերը բնակվում է այստեղ: «Մեզ համար մեծ ուրախություն էր, երբ վանքի դարպասները դրեցինք, վանքը տան նման դարձավ մեզ համար, արդեն կարող էինք առանձնության մեջ լինել: Կտեսնեիր`գիշերը երկուսի-երեքի կողմերը մի մոլորված տուրիստ էր դուռը ծեծում, վեր էինք կենում, ընդունում, ուտելիք, նաև վրանները խփելու տեղ տալիս»:

Տեր Հայր պատմում է, որ, թեև սկզբում Պատարագներին միայն երկուսով էին եկեղեցում, այնուամենայնիվ, Հայր Սուրբը քարոզ էր պատրաստում, խոսում: «Սա հիշեցնում է պատմությունը մի կույր վանականի, ով աշակերտին ամեն անգամ խնդրում է իրեն ուղեկցել, որ քարոզի ժողովրդին: Աշակերտը մի անգամ ձանձրանում է և տանում, ձորի պռնկին կանգնեցնում`ասելով, որ ժողովուրդը լսում է իրեն: Քարոզի վերջում հրեշտակները ծափահարում են վարդապետին, և հայր սուրբն ասում էր, որ եթե մարդիկ չեն լսում, հրեշտակները կլսեն»: Տեր Խաչերը, ով նաև Հայր Սուրբի համակուրսեցին է եղել, նշում է, որ նա իր հոգևոր նկարագրով, ընդգծված աղոթասիրությամբ միշտ տարբերվում էր բոլորից: «Հայր Սուրբը մեզանից 8 տարով մեծ է և ավագ, խրատող եղբայր էր մեզ համար: Երբ որևէ սխալ քայլ էինք անում, անհաշտություն էր լինում, մեզ խաղաղեցնողն ինքն էր: Այս ամենի հետ մեկտեղ Հայր Սուրբի մեջ անսահման պարզություն ու միամտություն կա, շիտակություն`մարդկային հարաբերությունների մեջ: Պարզության մասին է խոսում այն, որ, չնայած իր`առավել բարձր աստիճանին, կգար, փայտ կկոտրեր, թեկուզ չէր էլ ստացվի, փայտը կխփեր ոտքին…Ճաշ եփելիս էլ, ցանկանալով օգնել, հնարավոր է` դանակով ձեռքը վնասեր… Միշտ ամեն կերպ ցանկանում էր օգտակար լինել…»: «Հայր սուրբն ամենաբարի մարդն է»,-իր հերթին նշում է Տաթևի մանկական երգչախմբի անդամներից 12-ամյա Աքսաննան: Ի դեպ` վանքի երգչախումբն արդեն 2 տարեկան է, այստեղ ընդգրկված են շնորհալի երեխաներ հարակից համայնքներից: Ինչպես նշում են գյուղացիները` Տաթևի վանքն այսօր իրապես շենացել ու հոգևոր զարթոնք է ապրում, և այս ամենը`շնորհիվ նախևառաջ հարատև աղոթքի: «Հոգևոր առաջընթացի գաղտնիքն աղոթքն է»,-ասում է Հայր Սուրբը:

«Աղոթել շատ սիրեք, քանի որ աղոթքն ամեն ինչ սովորեցնում է մարդուն, զորացնում միտքը, խաղաղություն պարգևում: Մտածե՞լ եք` ինչո՞ւ է երկինքը (կամ գրիչի թանաքի գույնը) կապույտ. քանի որ կապույտը խաղաղեցնում է: Աստված երկինքը կապույտ ստեղծեց, որպեսզի իմանանք, որ այնտեղ խաղաղություն կա: Աշխարհում, երկրի վրա ինչ էլ լինի, երկնքի խաղաղությունը չի կարող խաթարվել: Ճիշտ այդպես էլ երկնքի անդրադարձը մեր հոգու մեջ է: Տերը մեր հոգու խորքում խաղաղություն է դրել: Ես հավատքը նմանեցնում եմ մարգարիտի, որ գտնվում է ծովի հատակում: Ջրի մակերեսին ինչ ալեկոծություն, փոթորիկ էլ լինի, երբեք ընդերք չի հասնում, այն միշտ խաղաղ է: Մենք միշտ ջրի մակերեսին ենք, ալեկոծվում ենք, փոթորկվում, բայց փորձենք իջնել հատակը, տեսնենք`այնտեղ ալեկոծություն կա՞… Այնտեղ կատարյալ խաղաղություն է: Փնտրեք ձեր հոգու խաղաղությունը…»,-եզրափակում է Հայր Սուրբը:

 

 

 

Մարիամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930