Այսօր՝ հունիսի 9-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ նշանակված էր «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունը:
Ամեն տարվա նման այս անգամ էլ նախարարը մոտեցավ դիմորդներին, հարցեր տվեց՝ ո՞ր բուհի որ ֆակուլտետ են դիմել, ինչպես են պարապել, արդյոք օգնում է շոկոլադը քննական սթրեսի ժամանակ եւ այլն;
Օրինակ մի դիմորդի, որ բժշկական համալսարան էր դիմել ու ցանկանում էր ատամնաբույժ դառնալ, Արմեն Աշոտյանը կատակով ասաց. «Փաստորեն ատամներ ես հաշվելու»:
Կարդացեք նաև
Մեկ այլ ապագա բժշկից էլ հետաքրքրվեց. «Երեւի ուզում ես նախարար դառնա՞լ, երեւի առողջապահության, որովհետեւ կրթության նախարարի տեղն առայժմ զբաղված է»:
Մեկ ուրիշից հետաքրքրվեց շտեմարաններով, ապա հարցրեց, թե ինչքան է վճարել կրկնուսույցի մոտ պարապելու համար: «Դա էլ թող գաղտնիք մնա»,-կատակեց դիմորդը: «Ինձանի՞ց, թե՞ լրագրողներից»,-ժպտաց նախարարը: Քննասենյակում Վազգեն Սարգսյան կրթահամալիրի կուրսանտներ էլ էին նստած: Նրանց նախարարը հարցնում էր՝ արդյո՞ք պարել են Վերջին զանգին աղջիկների հետ:
Նա նաեւ քննական կենտրոնում հարցրեց, թե դիմորդների մեջ կա՞ շրջանավարտ, որի Վերջին զանգին ինքը մասնակցել է: Վերջում նստած մի աղջիկ ասաց, որ Արմեն Աշոտյանն իրենց Վերջին զանգին է ներկա եղել: Երբ նախարարը մոտեցավ, դիմորդը նրանից խնդրեց այդ օրվա լուսանկարները: «Որ բարձր միավորներ ստանաս այս քննությունից, ֆեյսբուքով անձնական նամակ կգրես, նկարներդ կուղարկեմ»,-խոստացավ ԿԳ նախարարը:
Ապա քննակենտրոնից հեռացավ կատակելով. «Երեխեք, եթե ինձ այլեւս հարցեր կամ խնդրանք ու դժգոհություն չունեք, լրագրողներին տանեմ, որ ձեզ չխանգարեն»:
Համալսարանի բակում էլ նա ծնողների հետ եւս զրուցեց; «90 %-ը ընդունվում է, 7 տարի է գալիս եմ քննությունների, այդպես է: Կարծում եմ լավ ցուցանիշ է՝ ոչ թե 7 տարին, այլ՝ 90 %-ը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ