Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող. «Ժողովուրդ»

Հունիս 09,2015 11:40

Հունիսի 7-ին՝ կիրակի օրը, ՀՀ 9 մարզի 17 գյուղում եւ 3 քաղաքում տեղի ունեցան համայնքի ավագանու եւ ղեկավարի ընտրություններ։ Ուշագրավ է, որ ՏԻՄ ընտրություններում վերջին տարիներին արդեն ավանդույթ դարձած օրինաչափությունն այս անգամ էլ չի խախտվել. 21 համայնքներից 17-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները՝ հիմնականում գործող համայնքապետերը։ Այս ընտրությունները, սակայն, առանձնացել են մեկ այլ՝ աբսուրդային նորամուծությամբ, համայնքների իրական բնակիչների ու «նկարված» տվյալների տարբերությունից զատ՝ ստացվել է, որ շատ համայնքներ բացառապես մեծահասակներով են բնակեցված, իսկ ընտրելու իրավունք չունեցող երեխաների թիվը գրեթե զրոյական է։

Մենք կկենտրոնանանք ընդամենը մեկ երկու թվային տվյալների վրա, որոնց համադրումից հստակ կդառնա, որ ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ համայնքներում արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։ Այսպես՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Աբովյանի ընտրողների թիվը կազմում է 43 հազար 810, որից քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընդամենը 18 հազար 535-ը։

Առաջին հայացքից այս թվերը ոչինչ չեն ասում, բայց եթե դրանք համեմատենք 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների հետ, ապա կտեսնենք, որ 2013-ին Աբովյան քաղաքում ընտրողների թիվը կազմել է 42 հազար 452: Այսինքն՝ անցած երկու տարվա ընթացքում, երբ հանրապետության բնակչության թիվը պարբերաբար նվազում էր, Աբովյանում հակառակ գործընթացն էր տեղի ունենում՝ ընտրողների աճ էր գրանցվում։ Իսկ այն, որ այդ թիվն իրականության հետ կապ չունի, ապացուցում է մեկ այլ պաշտոնական տվյալ։ Ըստ ԱՎԾ-ի՝ Աբովյան քաղաքի բնակչության թիվը 2015 թվականի հունվար-ապրիլին կազմել է 44 հազար 300: Այսինքն՝ ստացվում է, որ Աբովյան քաղաքում բնակվում է մինչեւ 18 տարեկան, ընտրական իրավունք չունեցող ընդամենը 490 հոգի։ Ինչը, մեղմ ասած, անհեթեթ է։

Նույն պատկերն է նաեւ Լոռու մարզի Ալավերդի եւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքներում։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ Արտաշատի բնակչության թիվն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 21 հազար 300, իսկ ընտրողների ընդհանուր թիվը՝ 21 հազար 13: Սա այն դեպքում, երբ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը կազմել է 20 հազար 974: Եթե Աբովյան քաղաքում, ըստ այս տվյալների, մինչեւ 18 տարեկան ընտրելու իրավունք չունեցող բնակիչները 490-ն են, ապա Արտաշատում էլ ավելի քիչ են՝ ընդամենը 287 հոգի։ Ստացվում է՝ ծերացող քաղաքներ են, որտեղ չկան երեխաներ եւ պատանիներ։ Փառք Աստծո, որ իրականում դա այդպես չէ, սակայն նման տվյալների արձանագրումը պարզապես խայտառակություն է:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930