Երեկ Երևանում ստորագրվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադի վաճառքի մասին պայմանագիրը: Երկար ձգձգված այս գործընթացը ենթադրվում է, որ հասել է տրամաբանական ավարտին, համենայնդեպս՝ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության: Այսպիսով, ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությունը դառնում է Որոտանի կասկադի սեփականատեր՝ իր դուստ ձեռնարկության միջոցով: Նախատեսվում է, որ կատարվելու է մոտ 200 միլիոն դոլարի ներդրում: Սա հայ-ամերիկյան խոշորագույն տնտեսական գործարքն է Հայաստանի անկախությունից ի վեր:
Խոսքը վերաբերում է ներդրումային գործարքին, քանի որ ԱՄՆ-ը կատարել է ավելի խոշոր դրամաշնորհային հատկացումներ: Օրինակ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին էր հատկացվել մոտ 239 միլիոն դոլար, որից մոտ 70 միլիոնը, սակայն, Հայաստանը չստացավ Մարտի 1-ի հետևանքով, քանի որ կորպորացիան դրամաշնորհի համար ուներ հստակ չափանիշներ երկրի կառավարման, ժողովրդավարության, տնտեսության ազատականության մասով: Այդ չափանիշներին անհամապատասխանությունը պատճառ դարձավ, որ Հայաստանը երկրորդ անգամ այլևս չֆինանսավորվի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջոցներից, թեև այստեղ երևի թե ավելի շատ դեր ունեցավ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Այսինքն՝ այս ամենը վկայում է, թե որքան մեծ տնտեսական և ֆինանսական պոտենցիալ ունեն հայ-ամերիկյան հարաբերությունները, որոնք, սակայն, գտնվում են այդ պոտենցիալից շատ ցածր մակարդակի վրա:
Որոտանի գործարքի պայմանագրից առաջ՝ մայիսի 8-ին, Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրի ու ներդրումների շրջանակային նոր համաձայնագիրը: Ինչքանով էր այս համաձայնագրի ստորագրումը արագացրել Որոտանի գործարքի ավարտը՝ հստակ ասել չենք կարող: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ շրջանակային համաձայնագիրը ընդհանուր դրույթներ պարունակող փաստաթուղթ է և այդ իմաստով ենթադրում է նաև, այսպես ասած, բազում ենթափաստաթղթերի ընդունում՝ լիարժեք գործելու համար:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում