Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պակասի 5000 դրամը…

Հունիս 09,2015 10:05

Ցավոք սրտի, սոցիոլոգիան, որպես գիտություն, Հայաստանում դեռեւս չի կայացել: Տնտեսագիտությունը` նույնպես: Մեզանում ամեն ինչ քաղաքականացված է` «չոր» մասնագիտական խոսք ոչ ոք չի ցանկանում լսել` ոչ ժողովուրդը, ոչ քաղաքական ուժերը, ոչ, առավել եւս, իշխանությունը: Երբ դրա պահանջարկը չկա, այդ խոսքը չի ծնվում: Օրինակ՝ մասնագետները չեն բացատրել, թե ինչ սոցիալական եւ տնտեսական հետեւանքների կբերի, օրինակ, էլեկտրաէներգիայի թանկացումը:

Ենթադրենք, հայաստանյան ընտանիքի եկամուտը կազմում է 200 հազար դրամ, սակագնի բարձրացումից հետո այդ ընտանիքը վճարելու է ամիսը միջինը հավելյալ 5 հազար դրամ (դարձյալ պայմանական թիվ եմ ասում), արդյոք դա շոշափելի կլինի՞ այդ մարդկանց համար: Ընդդիմադիր պատգամավորներն այդ առիթով սրտաճմլիկ ելույթներ կունենան, իշխանամետները` մեծամտաբար ուսերը կթոթվեն, ժողովուրդը փողոցային հարցումների ժամանակ «կքլնգի» հարուստներին եւ իշխանավորներին: Բայց բոլոր այդ գնահատականները կարվեն «աչքաչափով», լավագույն դեպքում` էմոցիոնալ ընկալումների հիման վրա, վատագույն դեպքում` այս կամ այն խմբի շահերից ելնելով:
«Դուք թալանեցիք, էս խեղճ ժողովուրդը վճարի» տիպի բացականչությունները թեեւ միանգամայն ճիշտ են ու յուղ են լցնում բնակչության սրտին, բայց հեռու են ճիշտ գիտական ախտորոշումից: Վերջինս ես պատկերացնում եմ որպես հստակ եւ անաչառ հաշվարկ, որը հնարավոր է անել վերը բերված զուտ տեսական օրինակով. ի՞նչ է նշանակում «մինուս 5 հազար դրամ», ինչի՞ց է այդ դեպքում զրկվելու ամիսը 200 հազար դրամ ունեցող ընտանիքը:

Նույն սոցիոլոգիական հարցումները` ինչպես են մարդիկ արձագանքելու այդ թանկացմանը` հաշտվելո՞ւ են, արտագաղթելո՞ւ են, դուրս են գալու փողո՞ց: Նման հարցման ցանկացած արդյունք քաղաքականացվելու է եւ, ի վերջո, որեւէ հավատ չի ներշնչելու:

Միայն ճշգրիտ գիտական մոտեցման դեպքում հնարավոր է հետագա քայլերի հաշվարկը: Հօգուտ թանկացման համոզիչ փաստարկներ, իմ ոչ մասնագիտական կարծիքով, չեն բերվում: Բայց չեն հնչում նաեւ գիտականորեն հիմնավորված առաջարկներ, թե ինչ է պետք այս ոլորտի խնդիրները արմատապես լուծելու համար: Անկախ նրանից` կբարձրանա սակագինը, թե չէ, այսօրվա ՀԷՑ-ը չգործող կառույց է, որի մենեջմենթը, բացի թանկացման հայտեր ներկայացնելուց, ոչ մի լուրջ գործով չի զբաղվում: Ո՞րն է, հետեւաբար, ելքը` ՀԷՑ-ի առողջացման ծրագի՞րը (եթե այո, ապա ինչպիսի՞), սնանկացո՞ւմը, սեփականատիրոջ փոփոխությո՞ւնը, ազգայնացո՞ւմը: Ցանկալի է, որ բացի էլցանցերի եւ Նազարյանի հանձնաժողովի հասցեին միանգամայն արդարացի քննադատությունից՝ հնչեն նաեւ առաջարկներ, որոնք կուղեկցվեն ոչ թե հուզական բացականչություններով, այլ ճշգրիտ հաշվարկներով:

Պարզ է, որ որեւէ նման քայլ անելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում: Բայց դրան պետք է նախորդի վերլուծություն, որը կարվի չքաղաքականացված մասնագետների կողմից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hay says:

    Ուրեմն, իմ կարծիքով, հարցի լուծումը հետևյալն է.
    1. Հաշվարկել, թե որքան գումար է թալանել ՀԷՑ-ը և տուգանել.
    2. Պարզել, թե ՀՀ պաշտոնյաներից ովքեր փայ ունեին այդ թալանից.
    3. Կզցնել այդ պաշտոնյաներին.
    4. Վաճառել կամ ազգայնացնել ՀԷՑ-ը.
    5. Առգրավված գումարը վերադարձնել ազգաբնակչությանը.
    6. Սահմանել նոր սակագին, որը իրականում կազմում է մոտավորապես 20-25 դրամ.
    7. Նույն քայլերը անել գազի և այլ ոլոլորտներում.
    8. Թալանչի պաշտոնյաներին մի անգամ էլ կզցնել.

    • Ruben says:

      Որո՞նք են սրանց մէջ կզածները, որո՞նք՝ կզողները:
      օրինակ՝-ՌԱԿզողներ,
      օրինակ՝-ՀԿԿզածներ,
      ՀՊԿ
      ՀԴԿ
      ՀՀՇԿ
      ՀԺԿ
      ՀԱՄԿԿ
      ՍԴՀԿ
      ՀՄԿԿ
      ԱԻՄԿ
      ՄԱԱԿ
      ՕԵԿ
      ՀԱԿ
      ԲՀԿ
      ՀՀԿ
      ՀՀ(Յուղած)ԴԿ
      Կզածը կզողի՞ն պիտի դատի, թե՞ կզողը կզածին:

  2. Գեւորգ says:

    Իհարկե գիտական մոտեցում: Իսկ դրա համար առնվազն հարկավոր է սեղանին դնել հստակ հաշվետվություն՝ բոլորին ի տես – ահա սա սակագներն են, սա կատարած աշխատանքն է, մուտքն այս է, ելքն այս: Այդ դեպքում հնարավոր կլինի կատարել վերլուծություն եւ պարզել թե որն ինչ է եւ ինչու է այդքան: Բոլոր դեպքերում, տարրական տնտեսավարման կանոնների պահպանման դեպքում, նման իրավիճակը՝ պարտքերի կուտակումը միջնորդ կազմակերպության վրա (սպառողի եւ արտադրողի միջեւ) անբնական ու աննորմալ երեւույթների շարքին կարելի է դասել (եթե բացառենք հիմարությունն ու դիտավորությունը): Դատեք ինքներդ՝ – էլ. էներգիան մի յուրահատուկ ապրանք է, որը ԵՆԹԱԿԱ ՉԷ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ: Այն արտադրվում եւ սպառվում է նույն պահին: Այսինքն սույն կազմակերպության գլոբալ ֆունկցիան այն է, որ նստի հաշվիչի գլխին, փողը գանձի սպառողից, մի մասը վճարի արտադրողին եւ իր չաղ բաժինը դնի գրպանը: Պետական տուրքը, հաշվիչների կամ գծերի նորոգումը եւ այլն (ամորտիզացիա) դուրս հանելուց հետո, իհարկե: Հարգելիներս, ինչ դատողությամբ կարելի է այս դեպքում պարտքերի առաջացում հիմնավորել?

  3. Սարգիս says:

    Նախարարութիւնը պէտք է վերստին tender կազմակերպի եթէ փաստուի թէ ընկերութիւնը իր պարտականութիւններուն մէջ կը թերանայ եւ արդիւնաւէտ գործունէութիւն չտանիր․ պէտք է իմանալ թէ պետութեան հետ կնքուած պայմանագիրը ինչ կ՛ըսէ այս ու նաեւ գիներու բարձրաձման մասին։ Ընդհանրապէս, ՀԷՁի պարագային, ուրիշ երկիրներու մէջ, պետութիւնը ահագին պայմաններ կը դնէ, եւ կրնայ պայմանագիրը չեղեալ նկատել։
    Այս մասին կասկածելի լռութիւն կը տիրէ։

  4. Հ.Շ. says:

    Այս նիւթում եւս,
    լուծումը հեշտ եւ պարզ է:

    Յաւելումը պէտք է կիրարկուի,
    սակայն, յատուկ նպաստի ճամբով, Պետութիւնը պէտք է ստանձնէ կարգ մը քաղաքացիների ելեկտրականութեան վաճառագրի վճարման մի մասը, տան ընդհանուր եկամուտի գումարի հիման վրայ համեմատական հաշիւով:

    Նկատի կ’առնուի նաեւ սպառումի քանաքը,
    որպէսզի… հակառակ ուղղութեամբ եւս չարաշահում տեղի չունենայ:

    Պոռալ-կանչելու տեղ, ամէն նիւթ լիովին եւ անմիջապէս քաղաքականացնելու տեղ, այսպիսի լուծումների վրայ պէտք է կեդրոնացնել երկրի կերտման աշխատանքը:

  5. Տիգրան says:

    Գազի սպասարկման վճարի մասին մի բաց նամակ ունեք Ձեր թերթում: Վերլուծություն է եւ առաջարկ: Հայհոյանք, գովասանք, այդ կարգի բաներ չկան: Բայց բանի տեղ դնող էլ չկա: Ի՞նչ կասեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930