ՀՀԿ-ականները ընդդիմադիր պատգամավորների քննադատություններից հետո մշտապես ակնարկում են, որ իրենք էլ մի «բարի պտուղ չեն»: Այսօր էլ Էդուարդ Շարմազանովը, լսելով Զարուհի Փոստանջյանի ամոթանքները Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին, ասաց. «Թող քար նետի նա, ով մեղքեր չի գործել, չի կարելի, էլի»:
Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեց՝ ընդդիմությանն անընդհատ ասում եք՝ քար թող նետեն նրանք, ովքեր մեղքեր չեն գործել, իսկ դուք ի՞նչ գիտեք, ընդդիմություն ի՞նչ մեղք է գործել, շա՞տ են ընդդիմադիրների մեղքերը: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այն, որ ընդդիմությունը մեղք է գործել, դա գիտեն Աստվածաշնչից. «Յուրաքանչուր մարդ ծնվում է մեղքերով»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ ի պատասխան՝ ՀՀԿ-ականներին վստահեցրեց. «Ես նետում եմ այդ քարերը որովհետեւ մեղք չունեմ՝ օրենքի առաջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ