Հունիսի 6-ին Իտալիայի ամենակարևոր սրբավայր հանդիսացող և Իտալիայի պահապան սուրբ Ֆրանցիսկոսի անունը կրող Ասիզի քաղաքի «Սուրբ Ֆրանցիսկոս» քահանայապետական բազիլիկ եկեղեցում բացվեց ծագումով պոլսահայ, ներկայումս Թուրինում բնակվող Կարեն Կոքչյանի «Հայերը և Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և «Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցին՝ Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսում ներկայացված են Կարեն Կոքչյանի` Հայաստանում արված լուսանկարները, որոնք ներառում են հայկական եկեղեցիներ ու վանական համալիրներ, մշակութային կոթողներ և բնապատկերներ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, «Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցու աբբահայր Մաուրո Գամբետտին, Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին և Կարեն Կոքչյանը, ով հակիրճ խոսեց ցուցահանդեսում ներկայացված 60 լուսանկարների մասին:
Դեսպան Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ցուցահանդեսը բացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, և կարևորեց այն հանգամանքը, որ ցուցահանդեսը կազմակերպվել է կաթոլիկ հավատացյալների խոշորագույն սրբավայրերից մեկում, ուր ամեն օր բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում:
Կարդացեք նաև
«Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցու աբբահայր Մաուրո Գամբետտին իր խոսքում նկատեց, որ ամառային ամիսներին եկեղեցին շուրջ 1.5 միլիոն այցելու է ունենում, որոնք ցուցահանդեսի միջոցով կկարողանան հաղորդակից լինել նաև Հայաստանին և հայկական մշակութային ժառանգությանը:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո դեսպան Ղազարյանը հարցազրույց տվեց իտալական «RAI» ռադիոհեռուստատեսային ընկերությանը և տեղական լրատվամիջոցներին:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 27-ը:
ՀՀ ԱԳՆ