Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում հնարավոր են նոր զարգացումներ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք տեղի ունեցան հունիսի 7-ին: Նման կանխատեսումներ էին հնչում տարբեր փորձագետների կողմից թե՛ Հայաստանից, թե՛ Թուրքիայից:
Կա՞ նման հնարավորություն, «Aravot.am»-ի հետ զրույցում Ստամբուլի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինն այս հարցին անդրադառնալով` նկատեց. «Պետք է սպասել, թե Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ինչ իշխանություն կձեւավորվի, հնարավորություն տանք նոր կառավարությանն իր կողմնորոշումն արտահայտել: Մինչ այժմ Թուրքիայի նախագահը որեւէ նոր բան չէր ասում, նա կրկնում էր նախկինում ունեցած իր դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, այն է` հայ-թուրքական սահմանը չի կարող բացվել, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան հակամարտությունը: Էրդողանը լավ քաղաքական գործիչ է եւ հաշվի է նստում հասարակական կարծիքի հետ եւ դրա հիման վրա է գործում: Եթե այսօր Էրդողանն ասում է մի բան, ուրեմն դրանից պետք է հետեւություն անել, որ թուրքական հասարակության մեծ մասը հենց այդ կարծիքն է կիսում: Բայց թուրքական հասարակության մեջ գործում են որոշ խմբեր, որոնք աշխատում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»:
Մեր զրուցակցի խոսքով` Թուրքիայի նոր կառավարությունը կձեւավորվի մինչեւ օգոստոսի վերջը, սեպտեմբերին Թուրքիան կունենա նոր խորհրդարան. «Դրանից հետո հնարավորություն կլինի բանակցություններին նոր շունչ հաղորդել», նշեց նա` հույս հայտնելով, որ աշնանը հնարավորություն կլինի նոր հարաբերություններ զարգացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:
Մուստաֆա Այդինի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ