Հունիսի 7-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը մասնակցեց Բաթումի Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանի ռեկտորատի նախաձեռնությամբ համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողների կողմից կազմակերպված ազգային ուտեստների և համապատասխան երկրների ներկայացման շնորհանդեսին: Միջոցառումը, որը կազմակերպվել էր առաջին անգամ, կրում էր «Միասնությունը՝ բազմազանության մեջ է» խորագիրը:
Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի արտասահմանցի ուսանողները` ներկայացնելով իրենց երկրների ազգային ուտեստներն ու խմիչքները: Հայազգի շուրջ երկու տասնյակ ուսանողներին ազգային սեղանի պատրաստման գործում աջակցել էին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ու հայ համայնքը` հոգևոր հովիվի առաջնորդությամբ:
Իր ելույթում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը կարևորեց նման միջոցառումները՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, ազգային մշակույթների մերձեցման ուղիով առավել փոխըմբռնման հասնելու առումով: Նա համոզմունք հայտնեց, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն և վերաճեն նաև բարեգործական ակցիաների:
ՀՀ ԱԳՆ