Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ուրեմն դուք մաթեմատիկան էլ կհամարեք թվերի կույտ»

Հունիս 08,2015 18:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատական ելույթ ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հասցեին: Գևորգ Կոստանյանն իր ամփոփիչ ելույթում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բառապաշարին ու դիրքորոշմանը, հայտարարեց, թե չի կարծում, որ նրա հետ երբևէ կարող է մասնագիտական քննարկում ունենալ ու հիմնավորեց. «Այն հանգամանքը, որ Դուք իրավագիտությունը կարող եք բառակույտ համարել, բերում է այն համոզման, որ դուք կարող եք աստղագիտությունը համարել աստղերի կույտ, մաթեմատիկան՝ թվերի կույտ: Ես չեմ կարծում, որ Ձեզ հետ որևէ մասնագիտական քննարկում հնարավոր է երբևէ, առնվազն իմ կողմից»:

Պարոն Կոստանյանը Նիկոլ Փաշինյանի ելույթը համարեց ինքնադրսևորման ու կայացման միջոց և շեշտեց. «Գուցե նաև կուսակցության կայացման համար ճանապարհ է, բայց դա ճիշտ ճանապարհ չէ»:

Ժեստերի մասին քննադատությանն ի պատասխան գլխավոր դատախազն ասաց. «Ժեստերի դրսևորումները կարող են ինչ-ինչ բարդույթների արդյունքում ինչ-որ բան առաջացնել որոշ մարդկանց մոտ, հասունանում եմ, բայց ժեստիկուլյացիայի դրսևորման ցանկացած տարրի կարող եք հանդիպել հռետորական արվեստի գիտական և սիրողական մակարդակի հրապարակումներում, հետևաբար ժեստիկուլյացիայի նկատմամբ նման անընդունելի հակակրանքը ինձ համար մի քիչ տարօրինակ է»:

Դառնալով խորհրդարանի նկատմամբ հարգանքի մասին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հորդորներին՝ պարոն Կոստանյանն ասաց, որ պատգամավորներն են իրենց պահվածքով են դա ցույց տալիս ու դառնալով Փաշինյանին՝ նշեց. «Եթե պատգամավորը կարող է թույլ տալ իրեն էթիկայի և բարոյականության խախտումներ ամբիոնից, ապա սա ոչ միայն ինձ համար՝ որպես գլխավոր դատախազի, այլև որպես քաղաքացու, ափսոս է»:

Հետո էլ նշեց, թե իր թեկնածուական ատենախոսության թեման պառլամենտարիզմն է եղել, ու ինքը գիտական մակարդակով է փորձել ուսումնասիրել խորհրդարանի և պատգամավորի դերը և այն ամենևին էլ թերթում վերնագրեր գրելու ունակություն կամ հնարավորություն ունենալով չի սահմանվում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930