ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամ Սմբատ Այվազյանի մահվան 1 տարին լրացավ երկուշաբթի՝ հունիսի 8-ին: Տարելիցի առիթով Եռաբլուրում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, բացվեց Սմբատ Այվազյանի հուշակոթողը:
Արարողությանը ներկա էին Սմբատ Այվազյանի գաղափարակիցները, ընկերները, գործընկերները, հարազատները, որոնց շարքում էին նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
Կարդացեք նաև
«Հպարտ անձնավորություն էր, ընկերասեր, երբեմն չհանդուրժող ե՛ւ քաղաքական տեսակետից, ե՛ւ մարդկային տեսակետից։ 90-ականներից մինչեւ մեր օրերը, թերեւս՝ այսօր էլ, մենք միասին ենք եւ փորձում ենք հաղթահարել այն, ինչ երբեմն բռնկումների հետեւանք է եղել, երբեմն որոշումների ճանապարհ ենք անցել ե՛ւ սխալվելով, ե՛ւ սխալները հաղթահարելով։ Այս ամենը Սմբատի համար իրողություն էր, եւ իր դիրքերից ոչ մի քայլ հետ չկանգնեց մինչեւ վերջ։ Պետության, հայրենիքի, ազգի ապավինող այն գործիչներից մեկն էր, որը ոչ միայն կարողանում էր առաջնորդվել, այլ նաեւ հրապուրել այն գաղափարներով, որ ինքն ուներ եւ մարդաշատ էր դարձնում պայքարի այն ուղին, որի համար կարծես թե կերտված էր ինքը»,- այսպես է Սմբատ Այվազյանին հիշում ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սմբատ Այվազյանը իր վաղեմի ընկերն է․ «Հայրենիքի համար իր բոլոր պարտականությունները այն, ինչ ինքը կատարել է, ուսուցանելի է բոլոր ժամանակների համար։ Երեխաների հետ, որոնք շփվում էին իր հետ, խոսակցությունը իր երկրի, իր հայրենիքի, իր պետության մասին էր։ Սմբատը եղել է ուսուցանելի կերպար, մեր սերունդները բավականին երկար պետք է այս կերպարը հիշեն»։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ Սմբատ Այվազյանը այսօր իր կողքին չէ․ «Շատ երկար, շատ դժվար, շատ ճանապարհներ ենք անցել միասին, աննկարագրելի պայքարող մարդ էր եւ իր պակասը իսկապես զգում եմ, զգում եմ բոլոր առումներով։ Բայց նաեւ թողել է պայծառ հիշատակ, լավ անուն, ո՛չ իր հարազատները, ո՛չ իր ընկերները, որեւէ մեկն իր արածների համար ամաչելու առիթ չունի, ավելին՝ բազմաթիվ հպարտանալու առիթներ ունի»։
Արարողությանը ներկա էր նաեւ Սմբատ Այվազյանի եղբայրը՝ Սեյրան Այվազյանը, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որը հուշաքարը նմանեցրեց եղբոր ապրած կյանքին․ «Այդ հուշաքարը նրա ապրած կյանքն է ե՛ւ ազատամարտի տարիներին եւ դրանից հետո»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ